Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը | factor.am

Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել՝ ընդգծելով ուսուցչի դերը երեխայի իրավունքների պաշտպանության, արժեքների ձևավորման և իրավագիտակից ու հանդուրժող հասարակության կայացման գործում։

ՄԻՊ-ի ուղերձը՝ ստորև․

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։

Ուսուցչի աշխատանքը միայն գիտելիք փոխանցելուն միտված գործունեություն չէ։ Այն նաև արժեքներ ձևավորելու, երեխայի անհատականությունը ճանաչելու, նրա ձայնը լսելի դարձնելու և սեփական իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացի ձևավորելու կարևոր առաքելություն է։

Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից։ Ուստի կարևոր է, որ ուսուցիչները հնարավորություն ունենան իրենց պատասխանատու առաքելությունն իրականացնելու արժանապատիվ, մասնագիտական և անվտանգ պայմաններում՝ ունենալով անհրաժեշտ աջակցություն և մասնագիտական զարգացման հնարավորություններ։

Կարևորում եմ ուսուցչի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքը և ընդգծում, որ երեխայի իրավունքների պաշտպանության ու իրավունքահեն հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է։

Սիրելի՛ ուսուցիչներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Մաղթում եմ առողջություն, ուժ, մասնագիտական նոր ձեռքբերումներ և հաջողություններ ձեր կարևոր ու պատասխանատու առաքելության իրականացման գործում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն