ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին | factor.am

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին

ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 5-ին այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և տեսակցել Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին՝ ծանոթանալով նրա բժշկական օգնության և սպասարկման իրավունքի ապահովմանը։

ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 5-ին հերթական այցն են իրականացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և տեսակցել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին:

Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են կնոջ բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերին:

Անի Ավետիսյանի և նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվում են ըստ իրավասության»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի հատելով ՀՀ պետական սահմանը, մտել էր Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակել տան բնակչուհու՝ Անի Ավետիսյանի վրա՝ վիրավորելով նրան։ Մուսաևը դեպքից հետո փախել էր, սակայն ավելի ուշ հայտնաբերվել և ձերբակալվել էր։ Դատարանը նրա նկատմամբ կալանք է կիրառել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն