Անահիտ Մանասյանը Սերբիայում է. նա հանդիպել է այդ երկրի արդարադատության նախարարի հետ

Անահիտ Մանասյանը Սերբիայում հանդիպել է երկրի արդարադատության նախարարի հետ

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սերբիայի Հանրապետություն։

ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի շրջանակում հոկտեմբերի 5-ին Անահիտ Մանասյանը հանդիպել է Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարար Նենադ Վույիչի հետ։

Հանդիպման առանցքում են եղել մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ոլորտներին առնչվող հարցերը՝ առանձնահատուկ ուշադրությամբ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանը և քրեակատարողական համակարգերի կատարելագործմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում ազատությունից զրկված անձանց պահման և քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների, ինչպես նաև փակ հաստատություններում մարդու իրավունքների պատշաճ ապահովման վերաբերյալ։

Առանձին անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքների պաշտպանությանն ու մարդու իրավունքների կրթությանն առնչվող հարցերին։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ մանրամասն անդրադառնալով նաև Պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը, փակ հաստատություններում իրականացվող մշտադիտարկման այցերին և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են մասնագիտական փորձի փոխանակումը և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն