Հոկտեմբերի 5-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին նվիրված հուշադրամի ներկայացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը: Այս մասին հայտնում են նախարարությունից։
ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ հուշադրամը խորհրդանշում է ոչ միայն առաջիկա կարևոր միջազգային իրադարձությունը, այլև Հայաստանի ստանձնած պատասխանատվությունը՝ նախագահելու համաշխարհային նշանակության բազմակողմ գործընթաց և նպաստելու միջազգային համագործակցության ամրապնդմանը։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու գլոբալ օրակարգերի ձևավորմանը և դրանց առաջմղմանը:
Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ COP17-ի շրջանակներում Երևանը դառնալու է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և միջազգային համագործակցության կարևոր հարթակ՝ համախմբելով պետությունների, միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչներին կենսաբազմազանության պահպանության գլոբալ մարտահրավերների շուրջ։ Ընդգծվել է, որ այդ մարտահրավերները վաղուց արդեն դուրս են միայն բնապահպանական օրակարգի սահմաններից և փոխկապակցված են պարենային և ջրային անվտանգության, առողջության, տնտեսության, ինչպես նաև հասարակությունների դիմակայունության հետ։
Անդրադառնալով հուշադրամի խորհրդին՝ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողմոնյանը հույս է հայտնել, որ տարիներ անց այն կհիշեցնի ոչ միայն այն մասին, որ 2026թ. Հայաստանը հյուրընկալել է COP17-ը, այլև այն մասին, որ Երևանը դարձել է երկխոսության, համագործակցության և համատեղ գործողության հարթակ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կենտրանական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: