armenpress.am Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բնակչության առողջության համար ռիսկը գնահատում է ցածր ՌԴ Իրկուտսկի մարզում Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մոտ «անհայտ ծագման թոքաբորբի» հայտնաբերման պատճառով, որը հանգեցրել էր նրա մահվան։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը։
«Առկա ոչ պաշտոնական տեղեկատվության հիման վրա բնակչության առողջության համար հանրային ռիսկը ցածր է թվում», – նշել է նա։
Լինդմայերի խոսքով՝ մահացած 28-ամյա կնոջ հետ շփում ունեցած բոլոր անձինք «հայտնաբերվել են և գտնվում են հսկողության տակ»։ ԱՀԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ «այս պահին նրանցից ոչ մեկի մոտ հիվանդության ախտանիշներ չեն դիտվում»։
Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակային իրավիճակը հանգիստ է, ավարտվում են կանխարգելման համալիր միջոցները և հիվանդացած կնոջ հետ շփում ունեցած անձանց բժշկական հսկողությունը։
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների և բժիշկների ոչ պաշտոնական արձագանքների՝ Իրկուտսկի գիտահետազոտական ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհի Դարյա Շիպիլովան, որը մահացել է հոկտեմբերի 2-ին, կարող էր վարակված լինել ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթի կոտրվելու պատճառով:
Ռուսաստանի իշխանությունները չեն հաստատել ժանտախտի առկայությունը՝ նշելով, որ մահացածի մոտ եղել է «անհայտ ծագման թոքաբորբ»: Հիվանդի հետ շփում ունեցած 197 մարդ խիստ հսկողության տակ է:
ԱՄՆ-ն և Եվրամիությունը հայտարարել են, որ ուշադրությամբ հետևում են իրավիճակին: