Հայաստանի մոռացված Կարմիր գիրքը՝ COP17-ին ընդառաջ

Հայաստանում կենդանիների և բույսերի Կարմիր գիրքը 16 տարի չի վերահրատարակվել, բայց ավելի էական է, որ դրա հիմքում ընկած՝ օրենքով պարբերաբար պարտադիր պետական հաշվառումները նույնպես չեն իրականացվել։

Հայաստանի կենդանիների ու բույսերի Կարմիր գիրքը, որը երկու մասից է կազմված՝ կենդանիների և բույսերի, վերջին անգամ հրատարակվել է 2010-ին։ Դրանից առաջ կենդանիների Կարմիր գիրքը հրատարակվել էր 1987-ին, իսկ բույսերի Կարմիր գիրքը՝ 1989-ին․ փաստորեն, դրանք առաջին անգամ վերահրատարակվել են համապատասխանաբար 23 և 21 տարի հետո։ Այն ժամանակ, սակայն, դեռևս ընդունված չէին այն օրենքները, որտեղ նշված են, թե երբ և ինչի հիման վրա պետք է հրատարակվեն Կարմիր գրքերը։ 

Կարմիր գրքերի վերահրատարակման համար կոնկրետ պարբերականություն օրենքով հիմա էլ սահմանված չէ։ Սակայն օրենքով սահմանված է, որ դրանք կազմվում և վերահրատարակվում են` հիմք ընդունելով կենդանական և բուսական աշխարհի պետական հաշվառման արդյունքները։ Պետական հաշվառման ժամկետները կենդանիների և բույսերի համար տարբեր են։ Ըստ «Կենդանական աշխարհի մասին» օրենքի, որն ընդունվել է 2000 թվականին, կենդանական աշխարհի պետական հաշվառումն իրականացվում է ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ։ Իսկ «Բուսական աշխարհի մասին» օրենքը, որն ընդունվել է 1999 թվականին, բուսական աշխարհի պետական հաշվառման համար սահմանում է 10 տարի ժամկետ։Այս երկու օրենքներում էլ նշվում է, որ Կարմիր գրքերը «պարբերաբար վերահրատարակվում են»։ Բուսական և կենդանական աշխարհի պետական հաշվառման և կադաստրի վարման նպատակն է բացահայտել բուսական ու կենդանական տեսակների և համակեցությունների, ինչպես նաև դրանց աճելավայրերի ու ապրելավայրերի քանակական և որակական փոփոխությունները։  

Բացի պարտադիր պարբերական հաշվառումներից, օրենքը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում կառավարության որոշմամբ իրականացնել նաև լրացուցիչ հաշվառում։ Վերջին 16 տարում նման որոշում ևս չի ընդունվել։ 

Քանի որ Շրջակա միջավայրի նախարարությունը «Ինֆոքոմի» հարցմանն ի պատասխան հաստատել է, որ 2010 թվականից ի վեր պետական հաշվառում չի իրականացվել, ուրեմն համաձայն վերոնշյալ օրենքների, 16 տարվա ընթացքում պետք է իրականացվեր կենդանական աշխարհի 3  և բուսական աշխարհի առնվազն 1 պետական հաշվառում։ Այսինքն՝ օրենքով սահմանված  հստակ ժամկետով պարտադիր պետական հաշվառումները չեն իրականացվել։ 

 

Պատահական դիտարկումներ՝ օրենքով սահմանված պետական հաշվառման փոխարեն

Ըստ «Կենդանական աշխարհի մասին» և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքների՝ Կարմիր գրքերը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթղթեր են, որոնցում գրանցվում են հազվագյուտ, անհետացող կամ անհետացման եզրին գտնվող կենդանական և բուսական տեսակների ու համակեցությունների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկոլոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների, ներկա վիճակի և պահպանության միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ։ Դրանք վարվում են այդ տեսակների և համակեցությունների հաշվառման, պահպանության, վերարտադրության ու օգտագործման գիտականորեն հիմնավորված միջոցառումների մշակման և իրականացման, ինչպես նաև դրանց վերաբերյալ հանրության իրազեկման նպատակով։

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպումը (COP17), իսկ կենսաբազմազանության պահպանության «գործիքներից» մեկի՝ Կարմիր գրքերի նոր վերահրատարակության մասին տևական ժամանակ խոսակցություններ չեն եղել։  

Ըստ օրենքի՝ պետական հաշվառման կազմակերպման ու իրականացման իրավասությունը Շրջակա միջավայրի նախարարությանն է։ 

Շրջակա միջավայրի նախարարությանն ուղղված առաջին հարցմամբ, ապա, լիարժեք պատասխան չստանալուց հետո, նաև լրացուցիչ գրությամբ, փորձել ենք հստակեցնել, թե ինչու չեն վերահրատարակվել կենդանիների և բույսերի Կարմիր գրքերը։ Նախարարությունից, սակայն, հստակ պատասխան չստացանք դրա չվերահրատարակման պատճառների մասին։ Մնացյալ հարցերին ևս թերի պատասխաններ ենք ստացել։ 

Այդուհանդերձ, «Ինֆոքոմի» հարցմանն ի պատասխան, ՇՄՆ-ն հաստատել է, որ 2010 թվականից հետո կենդանական և բուսական աշխարհի պետական հաշվառում չի իրականացվել։

Նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ նախարար Համբարձում Մաթևոսյանը 2026 թվականի ապրիլի 3-ին «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության նպատակները և 2026-2030թթ․» գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» հրաման է արձակել, որի  5.6-րդ կետով նախատեսվել է վերանայել և վերահրատարակել բույսերի և կենդանիների Կարմիր գրքերը 2026-2029թթ. ժամանակահատվածում՝ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Ա.Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի և «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում։ 

ՇՄՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արկադի Խաչատրյանն իր պատասխանում նաև  հայտնել է, որ 2022 թվականից սկսած շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառտնտեսություններում պատահական դիտարկումներով իրականացնում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի, կենդանիների և սնկերի վերաբերյալ տվյալների հավաքագրում։

 «Տեսակների մի մասը ֆոտոնկարահանված է և կարող է օգտագործվել Կարմիր գրքում ներառելու նպատակով։ Սնկերի մոտ 25 տեսակ նախնական գնահատվել է ըստ հավաքագրված տվյալների՝ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) համապատասխան չափորոշիչներով»,- հայտնել է Արկադի Խաչատրյանը։

Ըստ ՇՄՆ-ի՝ «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի «Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքներ» բաղադրիչի շրջանակներում ծրագրի խորհրդատուի՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի կողմից նախատեսվում է իրականացնել ՀՀ բուսական և կենդանական աշխարհի, մասնավորապես՝ հազվագյուտ և վտանգված տեսակների գույքագրման և ուսումնասիրության, ինչպես նաև կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի մշակման և ներդրման աշխատանքներ։ Ծրագրի շրջանակներում իրականացվող ուսումնասիրությունների, գույքագրման և մոնիթորինգի արդյունքները, այդ թվում՝ տեսակների տարածվածության, պոպուլյացիաների վիճակի և դրանց պահպանության վերաբերյալ հավաքագրվող տվյալները նախատեսվում է կիրառել Կարմիր գրքերի վերանայման և արդիականացման գործընթացում։



Կարմիր գրքերի հանձնաժողովների անդամները տարբեր կարծիքներ ունեն

Եթե հնարավոր է 16 տարի պետական հաշվառում չիրականացնել և չունենալ Կարմիր գրքերի նոր վերահրատարակություններ, ապա ինչու՞ է օրենքը այդպիսի ժամկետներ սահմանել և ինչու՞ է կարևոր այդպիսի հաճախականությամբ հաշվառումներ իրականացնելը և դրանց հիման վրա Կարմիր գրքերը վերահրատարակելը։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Կարմիր գրքի հանձնաժողովի անդամներից։ 

Նախ՝ Կարմիր գիրքը միայն 10 կամ 15 տարին մեկ հրատարակվող գիրք չէ։ Բույսերի Կարմիր գրքի գործող վարման կարգով այն սահմանված է որպես շարունակական գործընթաց՝ տվյալների հավաքում, ամփոփում, տեսակների գրանցման/դուրսբերման առաջարկներ և հանձնաժողովի եզրակացության հիման վրա փոփոխությունների ապահովում։

Ավելին՝ բույսերի Կարմիր գրքի հանձնաժողովի նիստերը պետք է անցկացվեն «ըստ անհրաժեշտության, ոչ պակաս, քան տարին 1 անգամ»։ 

Կարմիր գրքերի հանձնաժողովների մի քանի անդամների հետ զրույցներից պարզ դարձավ, որ նրանցից ոմանք տեղյակ չեն եղել հանձնաժողովի կազմում իրենց ընդգրկված լինելու մասին և չեն մասնակցել հանձնաժողովի նիստերին։ 

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի վարիչ/կենդանաբանության ինստիտուտի տնօրեն, կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի անդամ Մարկ Քալաշյանի կարծիքով՝ պետական հաշվառման բացակայության ամենաակնհայտ հետևանքներից մեկն այն է, որ Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ տեսակների իրական տարածման մասին ամբողջական պատկեր չի ձևավորվում։ Տեսակը կարող է հայտնի լինել մի քանի վայրից, բայց հանդիպել նաև այլ տարածքներում, որոնք պաշտոնապես չեն գրանցվել։

«Հնարավոր չի պահպանել այն, ինչի մասին տեղյակ չենք»,-ասում է Քալաշյանը։

Նա որպես օրինակ նշում է «Գոռավանի ավազուտներ» արգելավայրն ու դրա շրջակայքը։ Մ․ Քալաշյանի խոսքով՝ արգելավայրից դուրս գտնվող տարածքներում նույնպես եղել են նույն էկոհամակարգն ու Կարմիր գրքում ընդգրկված տեսակները, որոնք պաշտոնապես հաշվառված չեն եղել։ Արգելավայրին հարող տարածքներն օգտագործվել  են գյուղատնտեսական նպատակներով, ինչի հետևանքով Կարմիր գրքի տեսակները վերացել են։

Մարկ Քալաշյանը նաև ընդգծում է, որ ներկայում Կարմիր գրքում ընդգրկված շուրջ 300 կենդանատեսակներից միայն փոքր մասն է քիչ թե շատ պարբերաբար ուսումնասիրվում։ Օրինակ՝ 150 ողնաշարավոր տեսակներից տարբեր ծրագրերի շրջանակում կարող է ուսումնասիրվել, ասենք, 10-ը, իսկ Կարմիր գրքի որոշ անողնաշարավորների, օրինակ, որդան կարմիրի, մոնիթորինգն իրականացվում է առանձին ծրագրերի միջոցով։

«Դա առանձին խմբերի պարտականությունը չէ, դա պետության պարտականությունն է»,- ասում է Կարմիր գրքի հանձնաժողովի անդամը։

«Ինֆոքոմը» ՇՄՆ-ից հարցրել էր, թե 2010 թվականից հետո Կարմիր գրքում տեսակների գրանցման, գրանցումից հանման կամ կարգավիճակի փոփոխության վերաբերյալ որոշումներ կամ եզրակացություններ ընդունվե՞լ են։ Նախարարությունն այս հարցին ընդհանրապես չէր պատասխանել, ինչից կարող ենք ենթադրել, որ նման որոշումներ կամ եզրակացություններ չեն եղել։ 

Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հայաստանի գենետիկական ռեսուրսների պահպանության բաժնի վարիչ, բույսերի Կարմիր գրքի հանձնաժողովի անդամ Անուշ Ներսեսյանը, սակայն, 16 տարի Կարմիր գրքերի չհրատարակվելը ինքնին մեծ խնդիր չի համարում։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում գիտական նյութ է կուտակվել, և մասնագետները շարունակել են տվյալներ հավաքել ու գրանցել։

Նրա խոսքով՝ այդ կուտակված նյութի հիման վրա հնարավոր է նոր հետազոտություններ իրականացնել, նախկին գնահատումները վերանայել և տեսակների անհետացման ռիսկը կրկին գնահատել՝ Բնության պահպանության միջազգային միություն (IUCN-International Union for Conservation of Nature) չափորոշիչներով։

«COP17-ին ընդառաջ արդյո՞ք ունենք թարմ տվյալներ վերացող և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերաբերյալ» հարցին ի պատասխան՝ Անուշ Ներսեսյանը նշում է, որ 2010 թվականի Կարմիր գրքերը շարունակում են մնալ հիմնական համապարփակ աղբյուրը, սակայն առանձին տեսակների և խմբերի վերաբերյալ նոր տվյալներ հավաքվել և հրապարակվել են գիտական հոդվածներում։

Այս դեպքում անհասկանալի է մնում, թե եթե գիտական նյութ, այդուհանդերձ, եղել է, և տեսակների համար նոր գնահատումներ են կատարվել, ապա ինչո՞ւ դրանք չեն ինտեգրվել պետական Կարմիր գրքի շարունակական վարման գործընթացում։ Կարմիր գրքի վարման կարգը հենց նախատեսում է տեղեկատվության հավաքում, ամփոփում և կարգավիճակների փոփոխության հնարավորությունը՝ առանց պարտադիր սպասելու հաջորդ տպագիր հրատարակությանը։

Անուշ Ներսեսյանի խոսքով՝ մասնագետները որոշ տեսակների համար իրականացրել են նոր գնահատումներ՝ առաջարկելով վերանայել դրանց վտանգվածության կարգավիճակը։ Սակայն այդպիսի վերագնահատումները դեռևս սահմանափակ թվով տեսակների են վերաբերում և ամբողջական, համակարգված գործընթաց չի դարձել։

Կարմիր գրքերի վերանայումը «Նպատակային ծրագրեր-2027» մրցույթում

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն 2025-ի դեկտեմբերին հայտարարել է «Նպատակային ծրագրեր-2027» մրցույթի հայտերի ընդունման մեկնարկը։ Ծրագրերից մեկը կենդանիների և  բույսերի Կարմիր գրքերի վերանայումն է։ Ծրագիրն իրենից ենթադրում է Հայաստանի տարածքում հանդիպող կենդանական և բուսական տեսակների վիճակի գնահատում և տվյալների արդիականացում։ Ինչպես նկարագրված է մրցույթի հրավերում՝ նպատակն է ճշգրտել հազվագյուտ, անհետացող և էնդեմիկ տեսակների ցուցակները, ապահովել դրանց տարածման ու քանակական ցուցանիշների գիտականորեն հիմնավորված տվյալներ։ 

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը հայտեր են ներկայացրել, և սպասում են պատասխանին։ 

Մարկ Քալաշյանը Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հայտի ղեկավարն է։ «Հույսը վերջինն է մահանում, գուցե ստանանք այդ ծրագիրը։ Ես հույս ունեմ որ կստացվի քանի որ դա, վերջ ի վերջո, օրենքի պահանջն է»-ասում է նա։ Այժմ մրցույթը փորձաքննության փուլում է։ 

Բնության պահպանության միջազգային միություն (IUCN) գնահատումների մասին

IUCN-ը (Բնության պահպանության միջազգային միություն) միջազգային կազմակերպություն է, որը զբաղվում է բնության և կենսաբազմազանության պահպանությամբ։ Այն վարում է միջազգային Կարմիր ցուցակը, որտեղ գնահատված է տեսակների անհետացման ռիսկի աստիճանը ողջ աշխարհում։ 

IUCN-ի գնահատման գործընթացի համաձայն՝ տեսակների գնահատականները 10 տարի անց պաշտոնապես համարվում են հնացած և ենթակա են վերագնահատման։ 

IUCN-ի այս ժամկետը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պարտադիր վերահրատարակման ժամկետ չէ, սակայն ցույց է տալիս միջազգային գնահատման համակարգում տվյալների արդիականության ընդունված չափանիշը։ 

Ըստ IUCN-ի Կարմիր ցուցակի կայքի, այն թարմացվում է տարեկան առնվազն երկու անգամ։ IUCN-ը թարմացումների ժամանակացույցը հաճախ համապատասխանեցնում է կենսաբազմազանության ոլորտի կարևոր միջազգային միջոցառումներին, այդ թվում՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) COP հանդիպումներին, և նման տարիներին թարմացումների թիվը կարող է երկուսից ավելի լինել։

COP17-ը Երևանում անցկացվելու է 2026 թ. հոկտեմբերի 19–30-ը։ Այն կարևոր միջազգային միջոցառում է, որին Հայաստանը «դիմավորելու» է հին Կարմիր գրքերով։ 


Այսպիսով, COP17-ին ընդառաջ Հայաստանի վտանգված տեսակների վերաբերյալ տվյալները ոչ թե օրենքով սահմանված պետական հաշվառման արդյունքում են հավաքագրվում, այլ պատահական դիտարկումների, դրանք ցրված են առանձին ուսումնասիրությունների և գիտական հրապարակումների մեջ։ Տեսակների ամբողջական և համակարգված վերագնահատում դեռևս չի իրականացվել, ուստի համապարփակ պատկերի հիմքը շարունակում է մնալ 2010 թվականի Կարմիր գրքերը։

Կարմիր գրքերի հնացած լինելու պատմությունը բացեց ավելի խորքային խնդիր․ երկար տարիներ պատշաճ չի գործել պետական կենսաբազմազանության հաշվառման համակարգը, ինչի հետևանքով պետությունը կարող է չունենալ վտանգված տեսակների իրական վիճակի ամբողջական պատկերը և ժամանակին չարձագանքել դրանց թվաքանակի նվազմանը կամ բնակավայրերի կորստին։ Արդյունքում որոշ արժեքավոր տեսակներ կարող են հայտնվել ավելի մեծ վտանգի տակ կամ նույնիսկ անհետանալ առանձին էկոհամակարգերից։

Թողնել մեկնաբանություն