azatutyun.am Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյաննն անդրադառնալով անցած շաբաթ Սյունիք ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման դեպքին, հայտարարեց՝ «պետք է մեր արդարադատությունը աշխատի, մեղադրանքն առաջադրված է, պետք է ամեն ինչ իր հունով գնա»:
Միաժամանակ Ռուբեն Ռուբինյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, հակառակ դեպքում, ըստ նրա, «ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ մեր մոտից զինծառայող է կորել»:
«Գործ ունենք անհատ զինծառայողի՝ Հայաստանի սահմանը ապօրինի հատելու հետ, կպարզվի՝ ոնց», – հայտարարեց Ռուբինյանը:
Նախօրեին, սակայն, իշխող ՔՊ պատգամավոր, խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը չէր բացառել, որ Նասիմի Մուսաևը կարող է և միայնակ չի եղել: Ավելին, պաշտպանական հանձնաժողովը 5 տարի ղեկավարած Քոչարյանն ընդունել է, որ Հայաստանի սահմանները խնդիրներ ունեն:
Հոկտեմբերի 1-ին, ըստ պաշտոնական Բաքվի, զորամասն ինքնակամ լքած ադրբեջանցի զինվորը կրակել էր Սյունիքի Շաքի գյուղի բնակչուհու ոտքին՝ ծանր վնասվածք պատճառելով նրան: Ընդդիմադիրները քննադատում են իշխանությանը՝ Հայաստանի խորք ադրբեջանցու ներթափանցումը չկանխելու համար:
Ընդգծելով, որ սահմանը հատելուց հետո ադրբեջանցի զինծառայողը կատարել է հանցագործություն, ԱԺ նախագահն ասաց. «Դրա համար ձերբակալված է, առաջադրված է մեղադրանք»: