Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները | armenpress.am

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները | armenpress.am

armenpress.am Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հերքել է ընդդիմադիր պատգամավորների պնդումները, թե խորհրդարանի հոկտեմբերի 6-ի նիստում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն է ցուցաբերել։ Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղի ունեցածը բացասական է գնահատել՝ միաժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների մեղադրելով նիստերի դահլիճում իրավիճակը պարբերաբար սրելու մեջ։

«Եթե ես կողմնապահություն անեի, ես ձեզ վստահեցնում եմ՝ ընդդիմության համար այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր։ Ես կողմնապահություն չեմ արել, և դրա համար այդ միջադեպը չի ստացել այն շարունակությունը, որը կարող էր ստանալ։ Ընդհանուր առմամբ, շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը, բայց պետք է ասեմ, որ, ցավոք, տեղի ունեցածը արդյունքն է նրա, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ նպատակաուղղված անընդհատ սադրում են իրավիճակը նիստերի դահլիճում»,- հայտարարել է ԱԺ նախագահը։

Ռուբինյանի պնդմամբ՝ խոսքը հիմնականում խմբակցության «հանրապետական թևը ներկայացնող պատգամավորների» մասին է։ Նա նշել է, որ չի կարող ասել՝ նրանց գործողություններն ամբողջ խմբակցության նպատակաուղղված դիրքորոշման արդյունքն են, թե խմբակցությունը չի կարողանում կանխել նման իրավիճակները։

Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, թե միջադեպը նպատակ ուներ ուշադրությունը շեղելու անվտանգության կարևոր հարցերից՝ Ռուբինյանն առաջարկել է կրկին դիտել նիստի սկիզբը։

«Ինչ վերաբերում է ընդդիմության ասածին, որ ուշադրություն ենք շեղում շատ կարևոր օրակարգային հարցերից, ես խորհուրդ եմ տալիս նորից նիստի սկիզբը դիտել և տեսնել, թե այդ ինչ կարևոր օրակարգային հարցերից էին խոսում մեր հարգելի ընդդիմադիր գործընկերները»,- ասել է նա։

ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև բանավեճը վերածվել էր հրմշտոցի։ Մինչ այդ Ռուբինյանն ընդհատել էր պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթը՝ հայտարարելով, որ այն չի վերաբերում օրակարգին, և անջատել նրա խոսափողը։ Ղազարյանը պնդել էր, որ խոսում է օրակարգի մասին, ու պահանջել վերականգնել իր խոսքի իրավունքը և ելույթի ժամանակը։

Միջադեպից հետո հայտարարվել էր ընդմիջում, որից հետո խորհրդարանը շարունակել էր աշխատանքները։ Ընդդիմադիր պատգամավորները տեղի ունեցածի համար պատասխանատվությունը վերագրել էին նիստը վարող ԱԺ նախագահին՝ նրան մեղադրելով կողմնապահության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն