armenpress.am Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության ամենշաբաթյա նիստի մեկնարկին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակում իրականացնել հոկտեմբերի 27-ին նախատեսվող համընդհանուր ընտրություններից առաջ։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
«Քանի որ ՀԱՄԱՍ-ը շատ է թուլացել, այն կփորձի իր մնացած ուժերով մարտահրավեր նետել մեզ ընտրություններից առաջ՝ փորձելով ազդել դրանց վրա, – ասել է Նեթանյահուն։ – Մենք պատրաստ ենք դրան։ Նախ և առաջ, մենք կկանխենք նման փորձերը, իսկ ցանկացած դեպքում, եթե նրանք նման սխալ թույլ տան, մենք պատասխանելու ենք ճնշող ուժով»։
Հոկտեմբերի 6-ին ավելի վաղ պաշտպանության նախարար Իսրայել Կացը վկայակոչել էր հետախուզական տվյալներ, ըստ որոնց ՀԱՄԱՍ-ը մտադիր է փորձել հարձակումներ իրականացնել Գազայում իսրայելական ուժերի դեմ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման երրորդ տարելիցի օրը։
Կառավարության նիստում Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ներխուժումից հետո Իսրայելը «փոխել է իրավիճակը»։
«Իսրայելը Մերձավոր Արևելքի ամենահզոր երկիրն է, իսկ մեր թշնամիները երբեք այսքան թույլ չեն եղել։ Ես ասում եմ մեր բոլոր թշնամիներին՝ տեսեք, թե ինչ ենք արել ձեզ հետ «Վերածննդի պատերազմում»՝ յոթ ճակատներում։ Մեզ հետ կատակ չանեք», – ասել է նա։