Արսեն Թորոսյանը և Լումիր Կանտորը քննարկել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում ՀՀ-Չեխիա համագործակցության հարցերը | news.am

Արսեն Թորոսյանը և Լումիր Կանտորը քննարկել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում ՀՀ-Չեխիա համագործակցության հարցերը

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությանը․ հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիամ Պողոսյանը։ Այդ մասին հայտնում են աշխատանքի և բարեկեցության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կենսաթոշակային ապահովության, սոցիալական ծառայությունների թվայնացման, անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման ուղղություններով իրականացվող աշխատանքներին, դիտարկվել են այս ուղղություններով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով սոցիալական ծառայությունների հասցեականության, արդյունավետության և մարդակենտրոնության բարձրացման կարևորությունը։ Նախարարը խոսել է նաև ոլորտի թվայնացման գործընթացի կարևորության մասին՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս ոչ միայն ընդլայնել ծառայությունների հասանելիությունը, այլև նվազեցնել վարչարարական բեռն ու բարձրացնել համակարգի թիրախայնությունը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն