arm.sputniknews.ru Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի հնարավոր արտահանձնման քննարկում չկա. Բաքուն չի պահանջում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Ադրբեջանն ինքն էլ է քրեական գործ հարուցել, հայտարարություն է տարածել։ Ադրբեջանը կարող է ցանկանալ իրենց քրեական գործով էլ հետաքննություն անցկացնել։ Այդ զինվորը, որ գնա Ադրբեջան, չի գնալու իրենց տուն, այդ զինվորին դատելու են նաև Ադրբեջանում։ Ի՞նչ հարց եք քննարկում, կարո՞ղ է երբևէ… Ես ի՞նչ է պետք է ասեմ՝ չէ՛, այդ զինվորը հավերժ պետք է մնա Հայաստանում։ Ինչքա՞ն է պետք, որ մնա ՀՀ-ում»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ ադրբեջանցի զինծառայողը կալանավորված է, քանի որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հանցագործություն է կատարվել։ Միևնույն ժամանակ Փաշինյանը նշեց, որ չգիտի՝ արդյոք հարցաքննվել է ադրբեջանցի զինծառայողը, քանի որ քրեական գործի մանրամասներին չի տիրապետում։ Նա նշեց, որ դատարանի որոշումից հետո ամեն ինչ պարզ կլինի։
Փաշինյանը հայտարարեց՝ եթե սահմանը հատած զինվորը Հայաստանում հանցագործություն կատարած չլիներ, ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակած չլիներ, ապա հենց նույն օրը կվերադարձվեր Ադրբեջանին։
«Պրոբլեմ է ոչ թե զինվորի մոլորվելն ու անցնելը, այլ այն, որ ինքը մտել է մարդկանց տուն, կրակել, վնասել է մարդուն․․․Չեմ կարծում, թե դա այն հարցն է, որ խաղաղության գործընթացը կարող է ինչ-որ կերպ վտանգել․․․»,- ասաց ՀՀ վարչապետը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում