arm.sputniknews.ru Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի երեխային ծեծելու դեպքով պատասխանատվության կենթարկվի նաև Վարդաձորի դպրոցի տնօրենը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Հայտնել էինք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30–ին։ Երեխայի մորաքույրը տեսանյութ էր տրամադրել լրատվամիջոցներին և պատմել, որ ուսուցչուհին դասարանում հարվածել է աշակերտուհուն, ինչից հետո երեխան վախեցած դուրս է վազել։ Մորաքրոջ պնդմամբ՝ ուսուցչուհին երեխային վերադարձրել է դասարան և կրկին հարվածել։ Հարազատի խոսքով՝ տուն վերադառնալուց հետո երեխայի պարանոցին և ձեռքերին հետքեր են եղել, աչքերն էլ՝ ուռած։
Լրագրողի հարցին, թե դպրոցի տնօրենի որևէ բան սպասվում է, մարզպետը դրական պատասխան տվեց։
«Իհարկե, դեռ կքննարկենք, կհասկանանք, թե տնօրենը ինչ պատասխանատվության պետք է ենթարկի»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` մինչ օրս մարզպետարանը ծնողից որևէ դիմում չի ստացել։
«Վարչական ղեկավարը դեպքի մասին տեղեկացել է, բայց ոչ ծնողներից, հետո այդ մասին փոխմարզպետին է տեղեկացրել , դրանից հետո մարզպետի աշխատակազմը սկսել է զբաղվել այդ հարցով»,–ասաց Սարգսյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում