factor.am ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ՝ 26 սենատորներ և Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ, կոչ են արել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին ամերիկյանա ռազմական օգնության տրամադրումը՝ մատնանշելով Բաքվի կողմից ապօրինաբար ձերբակալված հայ բանտարկյալների նկատմամբ կայացված դատավճիռները, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող ռազմական օկուպացիան։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությամբ ներկայացված երկպալատ և երկկուսակցական նամակը ստորագրել են սենատորներ Գարի Փիթերսը (Դեմոկրատական կուսակցություն, Միչիգան) և Ադամ Շիֆը (Դեմոկրատական կուսակցություն, Կալիֆոռնիա), ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի անդամներ Գաս Բիլիրակիսը (Հանրապետական կուսակցություն, Ֆլորիդա) և Ֆրենկ Փալոնեն (Դեմոկրատական կուսակցություն, Նյու Ջերսի)։ Նամակին աջակցել են նաև Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը և Սենատի ու Ներկայացուցիչների պալատի մի շարք հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների ղեկավարներ։
Նամակը վերաբերում է Թրամփի վարչակազմի՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի (FREEDOM Support Act) 907-րդ բաժնի գործողության կասեցումը երկարաձգելու որոշմանը, որով թույլատրվում է ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։
Նախագահ Թրամփն առաջին անգամ 907-րդ բաժնի կիրառումը կասեցրել էր 2025 թվականի օգոստոսին՝ Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովից հետո։ 2026 թվականի հուլիսին նա Կոնգրեսին տեղեկացրել էր այդ կասեցումը երկարաձգելու մտադրության մասին։
«ԱՄՆ Կոնգրեսն իր խոսքն ասել է՝ երկկուսակցական և երկպալատ հիմունքներով։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ճնշող մեծամասնությամբ՝ ձայների 44 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ քվեարկությունից հետո, որով պահանջվել էր Ադրբեջանից ազատ արձակել հայ պատանդներին, այսօր ավելի քան 25 նահանգ ներկայացնող շուրջ 100 օրենսդիրներ կոչ են արել Թրամփի վարչակազմին կիրառել 907-րդ բաժինը և դադարեցնել նավթով հարուստ Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից զենքի և օգնության տրամադրումը»,- հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Նա նշել է, որ Թրամփի կողմից 907-րդ բաժնով սահմանված՝ Բաքվին ԱՄՆ-ի զենքի և օգնության տրամադրման սահմանափակումներից հրաժարումը հետ է մղում խաղաղության հաստատման գործընթացը՝ Իլհամ Ալիևին ավելի համարձակ դարձնելով հայ պատանդների նկատմամբ իր վերաբերմունքը շարունակելու, քրիստոնեական եկեղեցիները ոչնչացնելու, հայկական տարածքներն օկուպացնելու և փախստականների՝ իրենց բնիկ՝ Արցախի հայրենիք անվտանգ, հավաքական և պաշտպանված վերադարձը թույլ չտալու հարցում։
«Ակնհայտ է, որ 907-րդ բաժնի կիրառումը կասեցնելու որոշումը չի դրդել Ադրբեջանին քայլեր ձեռնարկել ռազմագերիների ազատ արձակման ապահովման ուղղությամբ։ Արդյունքում մենք մտահոգված ենք, որ Ադրբեջանի անհետևողական վարքագիծը վտանգում է տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղության հաստատման հեռանկարը, և որ 907-րդ բաժնի կիրառման շարունակական կասեցումն՝ առանց այս մտահոգությունների հասցեագրման պարտավորության, միայն ավելի կխրախուսի ապակայունացնող գործողությունները»,- նշում են ԱՄՆ օրենսդիրները պետքարտուղար Ռուբիոյին ուղղված նամակում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում