factor.am Հայաստանի Հրազդան քաղաքում գտնվող Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող հետախուզական տվյալների հավաքագրման համար, այդ թվում՝ Ռուսաստանի և Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։
«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ»,- ասել է Շևցովը։
Նա նշել է, թե Firebird ընկերությունը գործում է ամերիկյան օրենսդրության շրջանակում, և ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են հասանելիություն ստանալ դրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին։
«Սա նշանակում է, որ հայկական պետական կառույցների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության»,- հայտարարել է Շևցովը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղարը հիշեցրել է, որ օգոստոսի սկզբին Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության տվյալների կենտրոնը, որն աշխատում է Nvidia-ի պրոցեսորներով։
«Հայտարարվում է, որ մինչև 2027 թվականի վերջը Firebird-ը մտադիր է Հրազդանում գտնվող համալիրի հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի, ինչը ձմռանը Հայաստանի էներգահամակարգի գագաթնակետային բեռնվածության՝ 1,3 ԳՎտ-ի գրեթե մեկ քառորդն է կազմում։ Հայտարարված ծրագրերը հաշվի առնելով՝ կենտրոնի աշխատանքը պահպանելու համար կպահանջվեն լրացուցիչ էներգետիկ հզորություններ»,- ասել է նա։
Շևցովը նաև նշել է, թե էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի պատճառով Հայաստանը դիտարկում է նոր ատոմակայանի կառուցման հարցը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում