Հոկտեմբերի 8-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին։ Այս մասին հայտնում են Մայր աթոռից։
«Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու առաքելությանը և հայ ժողովրդի ազգային ինքնության ու մշակույթի կերտման և պահպանման գործում քրիստոնեական հավատքի դերակատարությանը։
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց այսօրինակ այցելությունները փոխճանաչողության խորացման և քրիստոնեական համայնքների միջև կապերի ամրապնդման գործում։ Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ նաև Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին։
Վերջում Վեհափառ Հայրապետը ներկաներին մաղթեց օրհնաբեր ուխտագնացություն դեպի հայոց սրբավայրեր՝ վստահություն հայտնելով, որ այն հոգևոր ներշնչման և հավատքի զորացման բարեբեր առիթ կդառնա նրանց համար»,- նշված է հաղորդագրությունում։