ՀՀ-ն Ամուլսարի ծրագրով սեփական քաղաքացիների անվտանգության, բարեկեցության համար միջոցներ ներդնելու ավելի մեծ հնարավորություն է ստանում․ Փաշինյան

ՀՀ-ն Ամուլսարի ծրագրով սեփական քաղաքացիների անվտանգության, բարեկեցության համար միջոցներ ներդնելու ավելի մեծ հնարավորություն է ստանում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը։

1

Երկրի ղեկավարն անդրադարձել է ծրագրի շրջանակում ներկրված ժամանակակից տեխնիկային, տեխնոլոգիական շղթայի սպասարկմանը, որը ենթադրում է բարձր որակավորման նոր աշխատատեղերի ստեղծում, բարձր վարձատրություն և բարեկեցության ավելի բարձր աստիճան։

Երկրի ղեկավարի խոսքով՝ Կառավարությունը նախագծում ունի 12.5% բաժնեմաս, որը ՀՀ ժողովրդի լրացուցիչ բաժնեմասն է: Անդրադառնալով համախառն ներքին արդյունքի աճին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին հինգ տարիներին 7.9% տարեկան միջինում աճ է ունեցել և 2018 թվականից երկրի ՀՆԱ-ն 2025 թվականի արդյունքներով՝ 53% աճ է ունեցել:

Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ ՀՀ պետբյուջեի լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորության արդյունքները կլինեն՝ ճանապարհներ, դպրոցներ, լուսավորություն, անվտանգություն և այլն. «ՀՀ-ում ոչ մի ընտանիք, ՀՀ ոչ մի անհատ, անկախ նրանից, թե բարեկեցության ինչ աստիճանի վրա է և ինչքան եկամուտ ունի տարեկան և ամսական, որևէ մեկն իր, իր ընտանիքի բարեկեցության վրա չի ծախսում և չի կարող ծախսել այնքան գումար, ինչքան ծախսում է ՀՀ պետական բյուջեն և ինչքան ծախսում են ՀՀ համայնքային բյուջեները։

Այս միտքը, երբ առաջին անգամ հնչեցրել եմ, շատերին է տարօրինակ թվացել, բայց դա գործնական իրականություն է և այս իրականության հետ բոլորս պետք է առնչվենք և այս իրականությունը բոլորս պետք է տեսնենք: Եվ իհարկե, այս նախագիծը հաջողություն է հենց սրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների անվտանգության, բարեկեցության համար միջոցներ ներդնելու ավելի մեծ հնարավորություն է ստանում: Նոր որակի հանքարդյունաբերությունը նույնպես էական նշանակություն ունի, և մենք այսօր նշում ենք նաև այդ իրադարձությունը, որ այն, ինչի մասին երկար տարիներ խոսել ենք, իրականություն է՝ մենք ունենք նոր որակի հանքարդյունաբերություն: Եվ մեր խնդիրն է լինելու առաջիկայում՝ ինչպես անել, որ ծրագիրը լոկոմոտիվի նշանակում ունենա և հանքարդյունաբերական մյուս ընկերություններում և մյուս ծրագրերում էլ մենք կարողանանք հասնել այսպիսի ստանդարտների»։

3

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհավորում եմ բոլորիս հաջող ներդրումային ծրագրի առիթով: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, որովհետև սրանով մեր երկիրը զարգացման մի նոր փուլ է թևակոխում: Այո՛, Հայաստանի Հանրապետության պատմության առումով սա բավականին մեծ քայլ է, բայց ես հույս ունեմ եմ և համոզված եմ, որ առաջիկայում նման քայլերը մեզ համար կդառնան սովորական և առօրյա: Եվ մեծ քայլ ասելով՝ մենք առաջիկայում ավելի մեծ նախագծեր նկատի կունենանք: Բայց այսօր այս նախագիծն իր դերը կատարում է՝ որպես մի մեծ քայլ ՀՀ հանքարդյունաբերության, ներդրումային և տնտեսության զարգացման պատմության մեջ»:

2

ՀՀ կառավարությունը հիշեցնում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրն իրականացվում է «Լիդիան Արմենիա» ընկերության և ՀՀ Կառավարության միջև ռազմավարական համագործակցության շրջանակում։ «Լիդիան Արմենիան» Հայաստան է բերել ժամանակակից և պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային լավագույն փորձն ու չափանիշները՝ Ամուլսարում ներդնելով աշխատանքային անվտանգության, բնապահպանական կառավարման, սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ և ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ընկերությունն Ամուլսարի ծրագրում ներդրել է ընդհանուր առմամբ շուրջ 750 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ Կառավարության կողմից տրված պետական երաշխիքի հիման վրա։ Ամուլսարի հանքավայրում նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 210,000 ունցիա ոսկի։ Ըստ մասնագիտական հաշվարկների՝ հանքի շահագործման արդյունքում «Լիդիան Արմենիայի» կողմից պետական բյուջե տարեկան վճարվող հարկերն ու ռոյալթիները կկազմեն շուրջ 130 մլն ԱՄՆ դոլար, Հայաստանի ՀՆԱ-ի վրա կլինի 1.5–2% դրական ազդեցություն։ Ամուլսարի ծրագրի գործունեության արդյունքում նախատեսվում է ապահովել ավելի քան 4,000 ուղղակի և անուղղակի աշխատատեղ։ Կառավարության, «Լիդիան Արմենիայի» և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև կնքված Համայնքների զարգացման համաձայնագրով Ամուլսարի հանքավայրի շահագործման ողջ ընթացքում նախատեսվում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին տարեկան ուղղել 7-9 մլն ԱՄՆ դոլար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն