Lydian Armenia-ի հիմնադիրը պատմել է, թե ինչպես է հաջողվել հարաբերություններ հաստատել «Ամուլսարի» շուրջ գտնվող համայնքների հետ | news.am

Lydian Armenia-ի հիմնադիրը պատմել է, թե ինչպես է հաջողվել հարաբերություններ հաստատել «Ամուլսարի» շուրջ գտնվող համայնքների հետ | news.am

news.am Հայաստանում «Ամուլսարի» ոսկու արդյունահանման ծրագրի իրականացման ընթացքում ներդրվել է շուրջ 750 միլիոն դոլար։ Ամուլսարում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Ալոյանի խոսքով՝ 21 տարի առաջ, երբ նոր էին մեկնարկում երկրաբանահետախուզական աշխատանքները, ինքը չէր էլ կարող պատկերացնել, որ նախագիծը նման մասշտաբներ կստանա և այդքան կարևոր կդառնա պետության ու տեղական համայնքների համար։

«Այն ժամանակ մենք սկսում էինք պարզապես որպես բիզնես՝ երկրաբանական հետախուզություն իրականացնելու նպատակով։ Սակայն, տարեցտարի, նախագծի զարգացմանը զուգընթաց, հասկանում էինք, որ այն հսկայական պոտենցիալ ունի։ «Ամուլսար» ծրագիրը, թերևս, դարձավ իմ կյանքի նպատակը»,- պատմել է նա։

Ալոյանն ընդգծել է, որ համոզված է եղել՝ նախագիծը հնարավոր է իրականացնել՝ առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու և տեղի համայնքներին էական սոցիալական աջակցություն ցուցաբերելով։ Հենց այդ պատճառով էլ, նրա խոսքով, տարիներ շարունակ ինքը պայքարել է ծրագրի մեկնարկին հասնելու համար։

Պատասխանելով հանքավայրի մշակման նախապատրաստական փուլում բնապահպանական կազմակերպությունների և տեղի բնակիչների դիմադրության մասին հարցին՝ Ալոյանը նշել է, որ համայնքների հետ հարաբերությունները հաջողվել է աստիճանաբար փոխել տևական աշխատանքի և բաց երկխոսության շնորհիվ։

«Կարծում եմ՝ ժամանակը բուժում է։ Հետևողական քայլերի, տեղեկատվության փոխանակման և համայնքների հետ աշխատանքի շնորհիվ մենք հասանք նրան, որ այսօր համայնքները մեր գործընկերներն են»,- հայտարարել է նա։

Միևնույն ժամանակ, Ալոյանը չի պնդել, թե նախկին բողոքի ակցիաներն արհեստականորեն են կազմակերպված եղել։ Նրա խոսքով՝ ինքը չի վերլուծել այդ հարցը և հիմա չի կարող հստակ գնահատական տալ, թեև չի բացառում, որ նախագծի դեմ պայքարում կարող էր լինել նաև արհեստական տարր։

Մտահոգությունները, այդ թվում՝ ջրի որակի հետ կապված, փարատելու գլխավոր միջոցը Ալոյանը համարել է գործնական արդյունքները։ Նրա համոզմամբ՝ հենց իրական աշխատանքն ու արտադրության մեկնարկը պետք է ցույց տան, թե որքանով էին հիմնավոր տեղացիների մտավախությունները։

Ալոյանը նաև պատմել է, որ անձամբ է մասնակցել առաջին ոսկու ստացման գործընթացին և սեփական ձեռքերով է ձուլել առաջին ձուլակտորը։ Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն