Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տրվել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Փաշինյանը միջոցառմանը իր ելույթի ժամանակ հայտնել է՝ իրենց հաջողվել է բնապահպանական ոլորտին առնչվող բոլոր հարցերի պատասխանները տալ․ «Շատ կարևոր էր այս ճանապարհը անցնելը, համոզված լինելը։ Ուզում եմ հիշեցնել՝ ընդհուպ Սևանա լճի թունավորման և այլնի ահազանգեր էին հնչում։ Եվ մենք այսօր այստեղ ենք, որովհետև համոզված ենք, որ այդ բոլոր ռիսկերը պարզապես տեղ չունեն»։
«Քաղաքացու ձայնը» մեդիա հարթակը հայտարարություն է տարածել հանքի շահագործման մեկնարկի վերաբերյալ։
«2018-ին մարդիկ փակում էին Ամուլսարի ճանապարհները, շուրջօրյա հերթապահում, պահանջում անկախ փորձաքննություններ ու իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունք։
2026-ին նույն հանքի շահագործման մեկնարկը վարչապետ Փաշինյանը հայտարարում է «հաջողության պատմություն»՝ առանձնահատուկ կարևորելով, որ հանդիսավոր միջոցառումն անցկացվում է առանց բողոքի ակցիաների։
Բայց ե՞րբ դարձավ բողոքի բացակայությունը հաջողության չափանիշ։ Եվ ի՞նչ եղավ այն մարդկանց պայքարը, որոնք տարիներ շարունակ փորձում էին պաշտպանել իրենց բնակավայրերի ու շրջակա միջավայրի ապագան։
Ամուլսարի պատմությունն առաջին հերթին հետհեղափոխական Հայաստանի քաղաքացիական դիմադրության, չլուծված հակասությունների, դատական գործընթացների և պետություն–քաղաքացի հարաբերությունների մասին է։
Այսօր իշխանությունը խոսում է ավարտված «էպոպեայի» մասին։ Բայց արդյո՞ք հանքի շահագործման մեկնարկը նշանակում է, որ հանրության բարձրացրած բոլոր հարցերը պատասխան են ստացել»,- ասվում է հայտարարության մեջ։
Բողոքի բացակայությունը՝ որպես իշխանության հաջողության չափանիշ
Փաշինյանի ելույթի, թերևս, ամենաքննադատելի հատվածներից մեկը վերաբերում էր հենց հանրային դիմադրությանը։ Փաշինյանը կարևոր համարեց անդրադառնալ այն հարցին, թե ինչու է այսօր հնարավոր հանքի բացման հանդիսավոր միջոցառումն անցկացնել առանց բողոքի ակցիաների։ Նրա խոսքով՝ կարևոր խնդիրներից մեկը նախագծի վերաբերյալ հանրային ընկալման և իրազեկվածության բարձրացումն էր։ Այս ձևակերպումը, սակայն, առաջ է բերում մի շարք հարցեր։
Արդյո՞ք Ամուլսարի դեմ պայքարած քաղաքացիների հիմնական խնդիրը տեղեկացվածության պակասն էր։ Արդյո՞ք նրանք տարիներ շարունակ ճանապարհներ էին փակում, որովհետև չէին հասկանում ներդրումային ծրագրի տնտեսական նշանակությունը։ Թե՞ նրանց դիմադրության հիմքում կային կոնկրետ բնապահպանական, սոցիալական և իրավական մտահոգություններ, որոնց մի մասը շարունակեց բարձրաձայնվել նաև փորձաքննություններից հետո։
Հանրային մասնակցությունը չի կարող սահմանափակվել քաղաքացիներին կառավարության կամ ներդրողի որոշման առավելությունները բացատրելով։ Իրազեկումը կարևոր է, բայց այն մասնակցության միայն մեկ բաղադրիչն է։ Մասնակցությունը ենթադրում է նաև անհամաձայնության իրավունք և այդ անհամաձայնության՝ որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու հնարավորություն։
Եթե իշխանությունը հանրային մասնակցության հաջողությունը գնահատում է նրանով, որ այլևս բողոքի ակցիաներ չկան, ապա վտանգ կա, որ մասնակցությունը կսկսի դիտարկվել ոչ թե որպես որոշումների կայացման անբաժանելի մաս, այլ որպես կառավարելի խնդիր։
Բողոքի բացակայությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ՝ դիրքորոշումների փոփոխությունից մինչև հիասթափություն, կազմակերպական ռեսուրսների սպառում կամ պայքարի այլ ձևերի անցում։ Առանց համապատասխան ուսումնասիրության՝ հնարավոր չէ պնդել, թե դրանցից որն է որոշիչ եղել Ամուլսարի դեպքում։ Նույնքան անհիմն է, սակայն, բողոքի բացակայությունն ինքնաբերաբար մեկնաբանել որպես հանրային համաձայնություն։
Հատկապես երբ 2025 թվականին ևս բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպությունները շարունակել են բարձրաձայնել նախագծի վերաբերյալ մտահոգությունները։
Այս հանգամանքը ցույց է տալիս, որ առնվազն կազմակերպված քաղաքացիական հասարակության մի հատվածի համար Ամուլսարի հարցը փակված չէր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում