azatutyun.am Հորմուզի նեղուցում վերջին 24 ժամում երկու առևտրային նավ է խորտակվել, որոնցից մեկը երեկ է հարձակման ենթարկվել, իսկ մյուսը՝ ավելի վաղ, հայտնում է Reuters-ը:
Նավերի մեկը՝ GFS Pride-ը, կոնտեյներային փոքր նավ է, որը նավարկում էր Սինգապուրի դրոշի ներքո։ Սինգապուրի ծովային և նավահանգստային վարչությունը հայտնել է, որ հարվածից նավը վնասվել է, հետո հրդեհ է բռնկվել, ինչն էլ հանգեցրել է խորտակման:
«Անձնակազմի բոլոր 21 անդամները անվտանգ տարհանվել են։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան»,- հայտնել է վարչությունը՝ հավելելով, որ հարձակման պահին նավը նավարկելիս է եղել հենց Հորմուզի նեղուցով։
Մյուսը նավը՝ Անտիգուա և Բարբուդայի դրոշի ներքո նավարկող Cape Dao-ն, խորտակվել է նեղուցի մոտ, սակայն այն հարձակման էր ենթարկվել դեռ մի քանի շաբաթ առաջ։ Անձնակազմի մեկ անդամ սպանվել էր, մնացածը տարհանվել էին հարվածից անմիջապես հետո։
Ըստ գործակալության՝ վերջին 10 օրվա ընթացքում ջրային այս կարևորագույն ուղում հարձակումները կտրուկ աճել են, մինչ Իրանը հայտարարում է, որ ուժեղացնում է հարվածները՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իր նավահանգիստների շրջափակման և անցյալ ամիս սահմանված խիստ պատժամիջոցների։
Միջազգային ծովային կազմակերպության տվյալներով՝ GFS Pride-ը և Cape Dao-ն երկրորդ և երրորդ նավերն են, որոնք խորտակվել են փետրվարի 28-ին ԱՄՆ-Իրան պատերազմի սկսվելուց ի վեր։
«Սինգապուրի ծովային և նավահանգստային վարչությունը խորապես մտահոգված է Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության վրա շարունակվող հարձակումներով: Նման հարձակումները հրահրված չեն, անարդարացի են և միջազգային իրավունքի խախտում են»,- հայտարարել են Սինգապուրի իշխանությունները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում