arm.sputniknews.ru Հայաստանում փոխվում են ԵԱՀԿ-ի նկատմամբ նախկինում ձևավորված ընկալումներն ու ակնկալիքները, և այժմ հայկական կողմը փորձում է կազմակերպության հետ համագործակցության նոր ուղղություններ մշակել։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո։
«Հաշվի առնելով նաև հաստատված խաղաղությունը՝ հասկանում ենք, որ ԵԱՀԿ-ն Հայաստանի համար փոխում է այն ընկալումները, որոնք Հայաստանում եղել են, և այն ակնկալիքները, որոնք Հայաստանն ունեցել է ԵԱՀԿ-ից։ Հիմա մենք մտածում ենք, թե ինչպես զարգացնել համագործակցությունը, ունենալ նոր նախաձեռնություններ, մշակել նոր ծրագրեր»,– ասաց Միրզոյանը։
ԱԳՄԱ նախարարը նշեց, որ հանդիպման ընթացքում շվեյցարացի գործընկերոջը տեղեկացրել է վերջին զարգացումների մասին։ Միրզոյանը նաև շնորհակալություն հայտնեց Կասիսին և բարձր գնահատեց ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում կազմակերպության զարգացմանն ուղղված նրա ջանքերը։
Միրզոյանը հավելեց, որ քննարկել են ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։