arm.sputniknews.ru Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ավելի վաղ կարճ և կոշտ խոսակցություն է ունեցել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, ինչից հետո սիրիացի դրուզների ուղղությամբ հարձակումները դադարել են:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դրուզների համայնքի ներկայացուցիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ Նեթանյահուն հիշեցրել է 2025 թվականի ամռանը Թել Ավիվի և Դամասկոսի միջև էսկալացիան, որը կապված էր նաև Սիրիայի հարավում դրուզների զանգվածային սպանությունների հետ:
«Մենք ավերեցինք գլխավոր շտաբի շենքը Դամասկոսում․․․ Մենք ոչնչացրինք թիրախը նախագահական պալատում: Ես վերցրի լսափողն ու զանգահարեցի ալ-Շարաային: Դա շատ կարճ ու կոշտ խոսակցություն էր, և արյունահեղությունը դադարեց: Ես անհրաժեշտ ամեն բան կանեմ մեր դրուզ եղբայրներին պաշտպանելու համար: Դեռ շատ աշխատանք կա անելու, ես չեմ կարող ամեն ինչ պատմել»,-ասել է Նեթանյահուն:
Սիրիայի նախագահը 2025 թվականի սեպտեմբերին հաստատել էր, որ Դամասկոսը բանակցություններ է վարում Իսրայելի հետ անվտանգության համաձայնագրի հարցով: Նա նշել էր, որ այդ բանակցությունների նպատակն է հասնել պայմանավորվածության, որը կապահովի գրավյալ տարածքներից իսրայելական ուժերի դուրսբերումը:
2025 թվականի նոյեմբերին Իսրայելի «Kan» պետական հեռուստառադիոընկերությունը հայտնեց, որ բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Իսրայելը պատրաստ չէ ընդունել ալ-Շարաայի պահանջը՝ զորքերը հետ քաշել Սիրիայի հարավի այն դիրքերից, որոնք գրավվել էին Բաշար Ասադի հեռանալուց հետո։
2025 թվականի դեկտեմբերի 29-ին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս հայտնեց, որ Իսրայելի և Սիրիայի նոր ղեկավարության հարաբերությունները կկարգավորվեն։