Պատերազմի բնապահպանական սպիները կարող են տասնամյակներ շարունակ պահպանվել. Իրանի նախագահ | 1lurer.am

Պատերազմի բնապահպանական սպիները կարող են տասնամյակներ շարունակ պահպանվել. Իրանի նախագահ | 1lurer.am

1lurer.am Կցանկանայի երախտագիտությունս հայտնել Նորին գերազանցություն Նիկոլ Փաշինյանին՝ մեծարգո վարչապետին, ինչպես նաև բարեկամական հարևան Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և ժողովրդին՝ այս կարևոր առիթը հյուրընկալելու և մեծահոգաբար մեզ հրավիրելու համար։ Ինձ համար շատ մեծ պատիվ է խոսքով դիմել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գլոբալ համայնքին։ Այդ մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն ասաց ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Այսօր պատմության կարևոր խաչմերուկում ենք։ Կենսաբազմազանությունն այլևս պարզապես բնապահպանական մտահոգություն չէ, այն անքակտելիորեն կապված է ջրի, պարենային ապահովության և միջսերնդային արդարության հետ Երկիր մոլորակի բնակիչների համար»,- ընդգծեց նա։

«ԻԻՀ-ն առաջին պետություններից էր, որ պաշտոնապես ճանաչեցին այս խնդրի միջազգային իրավական կարևորությունը և միացան Կենսաբազմազանության մասին կոնվենցիային։ Այնուամենայնիվ, Իրանի կապը կենսաբազմազանության հետ չի սահմանափակվում միայն կոնվենցիային նրա անդամակցության ժամկետով, և մեր երկիրը հազարավոր տեսակների բնօրրանն է։ Ջրի մատակարարման անվտանգության ապահովման համար բազմաթիվ ռիսկեր կան Իրանում։ Իրանի համար կենսաբազմազանության պահպանությունը միայն տեսակների և բնական միջավայրերի պահպանության խնդիր չէ, դա կարևոր է ազգային մշակույթի և քաղաքակրթական ժառանգության պահպանության համար։ Մեր երկրում վաղուց ակնածանքով ենք վերաբերվում բնությանը և մենք կենսաբազմազանության ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր ունենք։ Շրջակա միջավայրի մեր նախարարությունը համակարգող մարմինն է»,- ասաց նա և նշեց, որ այսօր մի կարևոր իրականություն կա, որն այլևս չի կարող անուշադրության մատնվել կենսաբազմազանության մասին համաշխարհային քննարկումներում։

Փեզեշքիանը շեշտեց, որ պատերազմը ոչ միայն մարդկային կյանքին և տնտեսական ենթակառուցվածքներին է վնասում, այլև ոչնչացնում է անտառներ, խոնավ տարածքներ, պարարտ հողեր, ջրային ռեսուրսներ, փշրում փխրուն միջավայրեր, տեղահանում վայրի տեսակներին և վտանգավոր քիմիական նյութեր ու ծանր մետաղներ նետում վայրի բնության մեջ։ «Պատերազմի բնապահպանական սպիները կարող են պահպանվել տասնամյակներ շարունակ՝ մարտական գործողությունների դադարեցումից հետո»,- ասաց Փեզեշքիանը։

«Միջազգային հանրությունն այսօր տեսնում է, որ զինված հակամարտությունների ժամանակ շրջակա միջավայրի ոչնչացումը պատերազմի ուղղակի հետևանք է։ Դա ապագա սերունդների բարեկեցության համար լուրջ սպառնալիք է մեր տարածաշրջանում, այդ թվում՝ նաև Իրանում»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ պատերազմը մեր տարածաշրջանում՝ էներգետիկ հանգույցների ոչնչացմամբ, հրդեհներով, աղտոտիչ նյութերի արտանետումներով, հողի և ջրի աղտոտմամբ, լրջորեն սպառնում է էկոհամակարգերին։ Իսկ էկոհամակարգը, որը տասնամյակներ շարունակ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերի արդյունքում պահպանվել էր, այժմ վտանգված է։ «Սա զուտ պետական խնդիր չէ և խնդիր չէ, որը սահմանափակվում է մեկ երկրի քաղաքական սահմաններով։ Բնությունը չի ճանաչում քաղաքական սահմաններ»,- նշեց Իրանի նախագահը։

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի գործակալություններին, միջազգային ֆինանսական կառույցներին և համապատասխան կազմակերպություններին, որոնք զբաղվում են շրջակա միջավայրի և կայուն զարգացման հարցերով, ունենալ ավելի լավ մեխանիզմներ՝ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու, բնապահպանական վնասը գնահատելու, քայքայված էկոհամակարգերը վերականգնելու և պետություններին աջակցելու համար, որպեսզի զինված հակամարտությունների բնապահպանական հետևանքները սահմանափակվեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն