1lurer.am Կցանկանայի վերահաստատել Ղրղզստանի աջակցությունը Հայաստանի աջակցությանը՝ ստեղծելու լեռնային և քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության վերաբերյալ երևանյան հարթակ, ինչպես նաև մենք պատրաստակամ ենք ակտիվորեն ներգրավվելու դրա աշխատանքներում: Այդ մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն ասաց Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը:
Իր ելույթի ժամանակ Ժապարովը ներկայացրեց նաև COP17-ի շրջանակում Ղրղզստանի չորս առաջարկները, ինչպես նաև խոսեց բարձրլեռնային Իսիկ Կուլ լճի բնապահպանական խնդրի մասին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց է: Սակայն լիճը կլիմայական լուրջ ճնշման տակ է: Վերջին 170 տարիների ընթացքում լճի ջրի մակարդակը նվազել է գրեթե 14 մետրով, իսկ վերջին 5 տարիների ընթացքում անկման տեմպը հասել է 7 սմ-ի: Սառցադաշտերի հալչելու պատճառով լիճ թափվող 101 գետերից այժմ մոտ 30-ն են միայն հոսում:
«Իսիկ Կուլ լճի կորուստը միայն տեղական ողբերգություն չի լինի, այն կդառնա բնապահպանական անշրջելի աղետ ամբողջ տարածաշրջանի համար: Այս առումով ցանկանում եմ տեղեկացնել, որ Ղրղզստանի Հանրապետությունը աշխատանքներ է նախաձեռնում ՄԱԿ-ի հովանու ներքո Իսիկ Կուլ լճի պահպանմանը նվիրված համատեղ հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ»,- ասաց նա՝ միաժամանակ հայտարարելով, որ Ղրղզստանը պատրաստ է 10 մլն դոլար հատկացնել վերոնշյալ հիմնադրամի՝ լճի պահպանմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների համար: