Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերայի հետ: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Վերջինս բարձր է գնահատել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովը և կարևորել դրա շրջանակում քննարկվող թեմաներն ու հարցերը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնմանը:
Կողմերը կարևորել են վերոնշյալ ուղղություններով սերտ փոխգործակցությունն ու համատեղ հետագա աշխատանքների իրականացումը»,- նշվում է հաղորդագրության մեջ: