Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն այսօր ընդունել է արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց կազմակերպությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։ Նորին Սրբությունը կարևորեց նաև կազմակերպության գործունեությունը՝ ի պաշտպանություն խղճի ու կրոնի ազատության և ի նպաստ միջազգային հարթակներում ազգային հիմնախնդիրների բարձրաձայնման։
Անդրադառնալով մշակութային ժառանգության արժևորմանն ուղղված նախաձեռնություններին՝ Հայոց Հայրապետը գնահատեց «Save Armenia»-ի մասնակցությունը Անտոնիա Արսլանի «Մշո գիրքը» վեպի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսի կազմակերպմանը։ Նորին Սրբությունը, անդրադառնալով «Մշո ճառընտիրի» փրկության պատմությանը, ընդգծեց, որ այն վկայում է ազգային, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման գործում հայ ժողովրդի աննկուն կամքի մասին, ինչն իր դրսևորումն է գտել նաև մեր օրերում։
Դոկտոր Փոլ Մյուրեյը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար և ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները՝ հավաստիացնելով, որ «Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն։
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին աշխարհասփյուռ հայության կյանքում Հայոց Եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելությանը, միջկրոնական հարաբերություններին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին»։