Ուկրաինան ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Ռուսաստանից նման պատրաստակամության ազդակներ չի տեսնում․ Վլադիմիր Զելենսկի | factor.am

Ուկրաինան ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Ռուսաստանից նման պատրաստակամության ազդակներ չի տեսնում․ Վլադիմիր Զելենսկի | factor.am

factor.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր  Զելենսկին երկօրյա այցով Բրյուսելում է՝  որպես պաշտոնական հյուր մասնակցելու Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին։ Առավոտյան ԵՄ  առաջնորդների  հետ հանդիպումից առաջ նա Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մասնակցեց ճեպազրույցի, որը տևեց ընդամենը հինգ րոպե։

«Հիմա Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու ժամանակը չէ։ Հիմա Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու ժամանակը չէ։ Հիմա մեր աջակցությունն ուժեղացնելու ժամանակն է։ Մեր ճնշումն ուժեղացնելու ժամանակն է»,- հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Նրա խոսքով՝ այդ քայլերն անհրաժեշտ են Ռուսաստանին իրական հրադադարի համաձայնելուն, բանակցությունների սեղանի շուրջ նստելուն և պատերազմը դադարեցնելուն մղելու համար։

«Հիմա խաղաղության ժամանակն է։ Պատերազմը շարունակելու ժամանակը չէ»,- հավելեց նա։

Կոշտան վերահաստատեց նաև ԵՄ աջակցությունն Ուկրաինայի անդամակցության գործընթացին՝ նշելով, որ այս շաբաթ բանակցություններում բացվել է ևս երկու կլաստեր։

«Դուք կարող եք հույս դնել մեզ վրա։ Ոչ միայն պատերազմում ձեզ աջակցելու հարցում, այլև, որ առավել կարևոր է, Եվրամիության անդամի կարգավիճակով ձեր ապագայի հարցում»,- դիմելով Զելենսկիին՝ ասաց Կոշտան։

Եվրոպական միությունը չի վերացնի Ռուսաստանի նկատմամբ որևէ պատժամիջոց, քանի դեռ այն չի դադարեցրել պատերազմը, իր հերթին, հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն այժմ աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի վրա։

«Մենք աջակցել ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած էներգետիկ հրադադարին, բայց տեսանք, որ Ռուսաստանը նույնիսկ մեկ րոպե այն չպահպանեց։ Փոխարենը Ռուսաստանը սրեց իրավիճակը, ուստի մենք պետք է ուժեղացնենք նրա նկատմամբ ճնշումը»,- ասաց ֆոն դեր Լայենը։

Նա նշեց, որ ԵՄ առաջնորդներն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկելու են առաջիկա ձմռանն աջակցելու միջոցները, ինչպես նաև երկրի ֆինանսական, բյուջետային և ռազմական կարիքները, այդ թվում՝ 2027 թվականի համար։

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն հայտնեց Եվրոպական խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին և, իր բնորոշմամբ, «եվրոպացի իսկական առաջնորդներին»՝ պատերազմի սկզբից Ուկրաինայի կողքին լինելու համար՝ այդ աջակցությունը համարելով վճռորոշ։

Ըստ նրա՝ Ուկրաինան ցանկանում է հնարավորինս արագ ավարտել պատերազմը, սակայն Ռուսաստանից նման պատրաստակամության ազդակներ չի տեսնում։

«Եվ, իհարկե, ցանկանում ենք հնարավորինս արագ ավարտել այս պատերազմը։ Այս պահին ռուսական կողմից ազդակներ չենք տեսնում, որ պատրաստ են դադարեցնել այն»,- շեշտեց նա։

Նրա խոսքով՝ այդ պայմաններում անհրաժեշտ է պատրաստվել առաջիկա ձմռանը և ապահովել աջակցության համապատասխան փաթեթ։

«Խոսքը միայն էներգետիկայի մասին չէ, այլև հակաօդային պաշտպանության ու ֆինանսավորման։ Շնորհակալ եմ, որ ԵՄ-ն մեր կողքին է։ Սա կքննարկենք»,- հայտարարեց Վլադիմիր Զելենսկին  ու հեռացավ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ լրագրողների հարցերին չպատասխանելով։

Նա մամուլի ասուլիս կտա ԵՄ առաջնորդների հետ հանդիպումից հետո՝ ամփոփելով արդյունքները։

«Եթե ուզում ենք առավոտյան կրուասան ուտել, պետք է աջակցենք Ուկրաինային»

«Բարի լույս բոլորին։ Ի՜նչ ժպտերես եք»,- Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը հոկտեմբերի 16-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նիստից առաջ, այսպես դիմեց լրագրողներին։

Ապա բացատրեց, որ նիստերի ընթացքում ժպտալն այնքան էլ հեշտ չէ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն