news.am Տարածքային ամբողջականությունից անջատումը քրեականացնելը միջազգային իրավունքին հակասող առարկա է, որովհետև առհասարակ միջազգային իրավունքի բալանսը ի սկզբանե ձևավորված է եղել այդ երկու սկզբունքների փոխադարձ զուգահեռաբար գոյության հիման վրա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Երևանում անցկացվող «Վերադարձ հայ գերիներին» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ, ԵՊՀ Միջազգային դատարաններ և արբիտրաժ մագիստրոսական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով Բաքվում հայ գերիներին ներկայացված մեղադրանքներին։
«Տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշումը շատ կարևոր երկու փոխլրացնող սկզբունքներ են։ Տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում առհասարակ, որովհետև ինքնիշխանության իմաստը առաջին հերթին մարդու մասին է։ Եթե միայն տարածքի վրա կենտրոնանանք և առհասարակ (01:30) դրանով չափենք ամեն ինչ, ամբողջ միջազգային իրավակարգը գլխի վրա շրջում ենք ներքև։
Երկրորդը, Բաքվի կողմից իրականացվող դատավարություններն ապօրինի են, նույնիսկ անիմաստ է դա քննարկելը։ Ես չեմ հիշում այդպիսի իրավիճակ, որ հետկոնֆլիկտային իրավիճակներում արդարադատությունը իրականացնի մի կողմը։ Բնականաբար, նման դեպքերում, դեր ստանձնում են միջազգային դատական ատյանները։ Այսօր, շատերը ասում են՝ միջազգային ոիրավունքը գոյություն չունի, անիմաստ է, բայց իմ կարծիքով այդ բոլոր շատ հոռետեսական մոտեցումներն են հենց սպանում միջազգային իրավունք։
Պետությունները իրենք պետք է շահագրգռված լինեն միջազգային իրավակարգի պահպանման տրամաբանությամբ։ բոլոր դեպքերում, այդ դատավարությունների արժեքը և կայացված որոշումների արժեքը բավականին մեծ է։
Դա հնարավորություն է ստեղծում, որպեսզի հատկապես մեր նման կոնֆլիկտային պատմություն ունեցող երկրների պարագայում, դիմակայել նարատիվների պատերազմին, որոնք հաճախ շատ ագրեսիվ են։
Երբ դու չունես միջազգային հարթակ, որտեղ կարող ես որևէ ձև փաստարկ, ապացույց և ճշմարտություն ներկայացնել, դու տանուլ ես տալիս։
Բայց ես վստահ եմ, որ այս իրավակարգի տրանսֆորմացիան տանելու է ինչ-որ տրամաբանական հաջորդ քայլի, որովհետև չի կարող իրավակարգը առհասարակ չլինել։ Կարծում եմ՝ տուրբուլենտ ժամանակահատվածը անցնելու է մի քանի տարի հետո, վերաիմաստավորվելու է նույն համակարգը, և այդ տրամաբանությամբ, մեր նման երկրների կապը միջազգային իրավական համակարգի հետ անընդհատ վերահաստատելը և դրա մեջ անընդհատ ներգրավված մնալը շատ կարևոր է»,–ասաց Եղիշե Կիրակոսյանը՝ այս համատեքստում կարևորելով Հայաստանի կողմից միջազգային դատական ատյաններում ներկայացված հայցերը։
«Դրանք ունեն նաև քաղաքական առումով կարևոր նշանակություն, որովհետև եթե քաղաքական առումով չունենային նշանակություն, չէին դառնա նաև քննարկման առարկա»։