«Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ-ին՝ Լոռու մարզպետի կողմից վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հարցով

«Անկախ դիտորդը» դիմել է ԿԸՀ-ին՝ Լոռու մարզպետի կողմից վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հարցով

Հոկտեմբերի 25-ին ավագանու ընտրություններ են տեղի ունենալու Ստեփանավան համայնքում։ ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի վերջին փոփոխություններով Ստեփանավան խոշորացված համայնքը միավորվում է Լոռի Բերդ խոշորացված համայնքին։ Այս համայնքում ընտրություններին մասնակցում է 5 ուժ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Լոռի բերդ համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանը, իսկ Ստեփանավան համայնքի գործող ղեկավար Արմեն Գրիգորյանը գլխավորում է «Գործարար» կուսակցության ընտրական ցուցակը։
 «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հայտնում է՝ նախընտրական քարոզչության մշտադիտարկման շրջանակում արձանագրել է, որ 2026 թ. հոկտեմբերի 8-ից 15-ը Լոռու մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում մարզպետ Արեն Մկրտչյանը ներկայացնում է Լոռի Բերդ համայնքում իրականացված ծրագրերն ու փոփոխությունները՝ Ստեփանավան համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արայիկ Ներսիսյանի ուղեկցությամբ։
«Միաժամանակ, սակավաթիվ են այլ համայնքների մասին հրապարակումները, և ի սպառ բացակայում են հրապարակումներ ներկայիս Ստեփանավան համայնքի բնակավայրերի վերաբերյալ, թեև նույն տրամաբանությամբ այդ բնակավայրերում ևս իրականացվել են աշխատանքներ։
Այս տարբերակված մոտեցումը նկատելի էր նաև սեպտեմբեր ամսվա ընթացքում, երբ սեպտեմբերի 27-ի ավագանու ընտրություններին ընդառաջ մարզպետարանի պաշտոնական էջում գերակշռում էին Թումանյան համայնքում իրականացված և նախատեսվող բարեփոխումները ներկայացնող նյութեր՝ համայնքի ղեկավար և ընտրություններում թեկնածու Սուրեն Թումանյանի մասնակցությամբ։ Դաշինքի գնահատմամբ՝ պաշտոնատար անձի կողմից իր ղեկավարած կառույցի պաշտոնական տեղեկատվական ռեսուրսի նման օգտագործումը միտված է իր կուսակցության թեկնածուին ընտրություններում առավելություն ապահովելուն և անհավասար պայմաններ ստեղծում ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի համար։
 Անկախ դիտորդը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և վերադաս հանձնաժողովին՝ ներկայացնելով արձանագրված դեպքերի վերաբերյալ փաստերն ու նյութերը և խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Ընտրական հանձնաժողովների կողմից համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում «Անկախ դիտորդը» վարչական պատասխանատվության հարցով կդիմի վարչական դատարան»,- ասված է տարածված հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն