«Հայաստանը չի կարող իրեն դիրքավորել իբրեւ կենսաբազմազանության պայքարի առաջամարտիկ, երբ դրա համար գործող մարդիկ թիրախավորվում են» | hetq.am

«Հայաստանը չի կարող իրեն դիրքավորել իբրեւ կենսաբազմազանության պայքարի առաջամարտիկ, երբ դրա համար գործող մարդիկ թիրախավորվում են» | hetq.am

hetq.am Հոկտեմբերի 10-ին Ամուլսարի հանքավայրի շահագործման պաշտոնական բացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքավայրի շահագործման մեկնարկը «հաջողության պատմություն» է, ապա ընդգծել, որ բացման արարողությունն անցնում է առանց մոտակայքում բողոքի ակցիաների:

«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման համահիմնադիր, ռազմավարական հաղորդակցության եւ քաղաքացիական հասարակության զարգացման փորձագետ Հայկ Աբրահամյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ Փաշինյանի այս հայտարարությունը շատ վտանգավոր տեղ է մեզ տանում՝ նկատի ունենալով վարչապետի վերաբերմունքը քաղաքացիական մասնակցությանը: Աբրահամյանի խոսքով՝ քաղաքացիների բողոքների առկայությունը, փաստորեն, գնահատվում է ոչ թե որպես մասնակցության եւ դիրքորոշման արտահայտման միջոց, այլ ռիսկ, որը պիտի կառավարվի իշխանությունների կամ բիզնեսի կողմից:

«Այս մտածողությունը մեզ կարող է տանել շատ ավելի պրոբլեմատիկ զարգացումների, երբ բողոքը դիտարկվում է ոչ թե դրա հիմքում ընկած մտահոգությունները հասցեագրելու կարեւորության տեսանկյունից, այլ որպես կառավարելու, չեզոքացնելու խնդիր: Պետք է հստակ արձանագրել, որ նման մտածողությունը շատ խնդրահարույց է, եւ չեմ կարծում, թե սա միայն Ամուլսարով է սահմանափակվում, սա արտացոլում է Կառավարության որոշակի վերաբերմունքը հանրային մասնակցության նկատմամբ»,- նշում է Հայկ Աբրահամյանը:

Հարցին, թե ինչու Ամուլսարի հանքավայրի պաշտոնական բացման ժամանակ բնապահպանների բողոքի ձայնը չկար՝ հաշվի առնելով տարիների պայքարը հանքավայրի շահագործման դեմ, «Հետքի» զրուցակիցը երկու հանգամանք է նշում: Առաջինն այն է, որ երկար ժամանակ այդ պայքարի հիմքում ընկած է եղել Ջերմուկ համայնքի բնակիչների համախմբումն ու դիմադրությունը, որը վերջին տարիներին, մի շարք հանքամանքներով պայմանավորված, կոտրվել է:

«Դրանք ներառում են թե՛ կորոնավիրուսի համավարակը, թե՛ պատերազմը՝ ներառյալ այն, որ դիմադրության մասնակիցներից ոմանք զոհվել են պատերազմի ժամանակ, թե՛ այն նարատիվները, որոնք հատկապես Ադրբեջանի կողմից ներխուժման հաջորդող հատվածում սրվեցին (օրինակ՝ ներդրումները հանքարդյունաբերության մեջ որոշակի անվտանգային երաշխիք են ստեղծում), թե՛ բնակիչների նկատմամբ շարունակական ճնշումները, երկար, քամող, հյուծող աշխատանքը, որ տարվել է, որ աստիճանաբար կա՛մ լռեն, կա՛մ մի կողմ քաշվեն: Այս ամեն ինչը հանգեցրել է հենց բնակիչների կողմից դիմադրության անկման, եւ կարեւոր գործոն է, որովհետեւ ավելի լայն բնապահպանական շարժումը միշտ համախմբված է եղել հենց տեղի բնակիչների պայքարի շուրջ»,- ասում է էկոակտիվիստական շարժման համահիմնադիրը:

Աբրահամյանի խոսքով՝ երկրորդ արձանագրումն այն է, թե ինչու արձագանք չի եղել Ջերմուկից դուրս՝ լայն շարժման իմաստով: Նկատում է՝ հանքն այդ օրը բացելու որոշումը, կարելի է ասել, գաղտնի է կայացվել: Ըստ մեր զրուցակցի՝ որեւէ նախնական հրապարակում չի եղել դրա վերաբերյալ: «Մեծ հաշվով, բոլորի համար անակնկալ է եղել հատկապես COP17-ին ընդառաջ նման որոշում կայացնելը: Այդ մասին վկայում է այն, որ բացումից անմիջապես հետո շատ հստակ գնահատողական արձագանքներ եղան քաղհասարակության կազմակերպությունների կողմից, որոշակի ակցիաներ եւ այլն: Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանք է տարվել: Ե՛վ բնապահպանական, ե՛ւ իրավապաշտպան կազմակերպություններն արձագանքել են այս խնդրահարույց որոշմանը: Ու կարծում եմ՝ միանշանակ է, որ աննկատ չի անցնելու, որոշակի գործողություններ, արձագանք, հայտարարություններ քաղհասարակության ու բնապահպանական շարժման կողմից լինելու են»,- ասում է «Հետքի» զրուցակիցը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն