arm.sputniknews.ru Երևանի քաղաքապետարանը նախատեսում է բարեկարգել Էրեբունի վարչական շրջանում գտնվող Աղի լճի ափամերձ արահետները և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ կառուցել տարածքում։
Սեպտեմբերի 21-ից սոցցանցերում մարդիկ ահազանգում էին, որ քաղաքապետարանի կողմից «տենդեր շահողները» սկսել են քանդել Աղի լճի հարակից եղեգնուտը, որը բնական ֆիլտր է լճի համար։ Քաղաքացիները մտավախություն ունեին, որ եղեգնուտի փոխարեն սալիկապատ տարածք է լինելու։ Երևանի քաղաքապետարանից պատասխանել էին, որ ոչ թե քանդելու են լիճը, այլ բարեկարգելու են տարածքը։
«Ծրագրով կբարեկարգվեն լճամերձ արահետները, կանցկացվի լուսավորություն, ջրամատակարարում ու կոյուղի։ Կկառուցվեն մարզահրապարակ, ավտոկայանատեղի, սանհանգույցներ, ցնցուղարաններ ու հանդերձարաններ, կստեղծվեն շեզլոնգներով և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ»,- ասված է հաղորդսգրությունում:
Կից հրապարակված տեսանյութում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշում է, որ եղեգները չկտրելու քաղաքացիների պահանջն արդարացի է եղել և աշխատանքները մեկնարկելուց առաջ պետք է հաշվի առնել տեղանքի ռելիեֆը և բնական միջավայրը:
Աղի լճի տարածքում նախատեսված է 3 սանհանգույց, որոնցից մեկը` հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Ավինյանն այցի ընթացքում խոսել է նաև այցելուների հետ, նրանք ասել են, որ նման նախագծով ամեն ինչ ընդունելի է իրենց համար: