factor.am Իսրայելական Elbit Systems պաշտպանական կոնցեռնը 235 միլիոն դոլարի խոշոր միջկառավարական պայմանագիր է կնքել՝ Ադրբեջանին ժամանակակից PULS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և EXTRA-MR բարձր ճշգրտության հրթիռներ մատակարարելու համար։ Այս մասին հայտնել է իսրայելական Globes պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համաձայնագիրը կնքվել է երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև անմիջական միջկառավարական համագործակցության շրջանակում և նախատեսվում է իրականացնել երեք տարվա ընթացքում։ Պայմանագրի համաձայն՝ իսրայելական կողմը կապահովի PULS արձակման կայանքների, լրացուցիչ հրթիռահրետանային հարթակների, ինտեգրված նյութատեխնիկական ապահովման համալիրի, ինչպես նաև EXTRA-MR գերձայնային բարձր ճշգրտության հրթիռների խմբաքանակի մատակարարումը։
EXTRA-MR-ը մինչև 80 կիլոմետր հեռահարությամբ բարձր ճշգրտության կառավարվող հրթիռ է։ Այն EXTRA գերձայնային հրթիռների ընտանիքի միջին հեռահարության տարբերակն է։ Այս զինամթերքը նախատեսված է կարևոր ցամաքային թիրախներին հարվածելու համար։ Չկառավարվող հրթիռներից տարբեր՝ այն կիրառում է ուղղորդման համակարգ, որը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ խոցել ընտրված թիրախը։
Արտադրողի նկարագրության համաձայն՝ EXTRA ընտանիքի հրթիռները նախատեսված են, մասնավորապես, հրամանատարական կետերի, կապի հանգույցների, մատակարարման օբյեկտների և տրանսպորտային ենթակառուցվածքների խոցման համար։ EXTRA-ի բազային տարբերակի հեռահարությունը հասնում է 150 կիլոմետրի, մինչդեռ ներկայիս պայմանագրում խոսքը հենց EXTRA-MR մոդիֆիկացիայի մասին է, որի հեռահարությունը մինչև 80 կիլոմետր է։ Գործարքի մասին հաղորդագրության մեջ այս մոդիֆիկացիայի ճշգրտության և մարտական մասի բնութագրերը չեն նշվում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում