shantnews.am Իրանի ԱԳՆ-ն Թեհրանում Գերմանիայի դեսպան Աքսել Դիտմանին կանչել է նախարարություն և վճռական բողոք հայտնել Իսլամական Հանրապետության հասցեին գերմանացի պաշտոնյաների հայտարարությունների կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ դիվանագետին կանչել է Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի վարչության գլխավոր տնօրեն Ալիռեզա Յուսեֆին։ Պատճառը, նրա խոսքով, Իրանի հասցեին գերմանացի պաշտոնյաների կողմից հնչեցվող «կրկնվող անհիմն մեղադրանքներն» են։
Յուսեֆին հայտարարել է, որ Թեհրանի դեմ անվտանգության ոլորտում մեղադրանքներն օգտագործվում են՝ «շեղելու ուշադրությունը Գերմանիայի կառավարության դերից՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիային աջակցելու և դրան մասնակցելու հարցում»։ Նա ընդգծել է, որ նման քայլերը չեն խանգարի Իրանին՝ Գերմանիայի կառավարությանը միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու ջանքերում՝ Իրանի դեմ կատարված ռազմական հանցագործություններին մեղսակից լինելու համար։
Հոկտեմբերի 15-ին Համբուրգի բարձրագույն երկրային դատարանը երկարատև ազատազրկման է դատապարտել Դանիայի քաղաքացու և Աֆղանստանի քաղաքացու՝ Իրանի օգտին լրտեսության, ինչպես նաև Գերմանիայի հրեական կենտրոնական խորհրդի նախագահ Յոզեֆ Շուստերի և Գերմանա-իսրայելական ընկերակցության նախագահ Ֆոլկեր Բեկի սպանության փորձին օժանդակելու մեղադրանքներով։ Գերմանիայի գլխավոր դատախազության տվյալներով՝ աֆղանական ծագմամբ 54-ամյա Դանիայի քաղաքացին անմիջական ցուցումներ է ստացել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերից։
Հոկտեմբերի 19-ին Գերմանիայի ԱԳՆ-ն, իր հերթին, Բեռլինում կանչել էր Իրանի դեսպանին՝ այդ տեղեկությունների հրապարակման կապակցությամբ։