Կառավարությունը հաստատել է զբաղվածության ապահովման ծրագիր, որի նպատակն է բարձրացնել ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անդամների զբաղվածության հնարավորությունները։
Ծրագրի շրջանակում շահառուները կկարողանան ստանալ մինչև 250 հազար դրամ արժողությամբ կրթական էլեկտրոնային վաուչեր՝ կարճաժամկետ ուսուցման դասընթացների մասնակցելու համար։ Վաուչերը հնարավոր կլինի օգտագործել մեկ անգամ տրամադրումից հետո վեց ամսվա ընթացքում։
Դասընթացները կիրականացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված՝ «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակերպությունները։ Շահառուները պետք է ընտրեն համապատասխան կազմակերպություն և դասընթաց, նույնականացվեն վաուչերի QR կոդի միջոցով և կազմակերպության հետ կնքեն ուսուցման իրականացման պայմանագիր։ Դասընթացն ավարտելուց հետո նրանց կտրամադրվի համապատասխան վկայական։
Եթե շահառուն դասընթացն ավարտելուց հետո վկայականում նշված մասնագիտությամբ աշխատանքի անցնի և գործատուի հետ կնքի առնվազն երեք ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր, գործատուն կարող է ստանալ եկամտային հարկի փոխհատուցում։
Փոխհատուցումը կտրամադրվի եռամսյակային կտրվածքով՝ հետևյալ չափերով.
- Աշխատանքի առաջին երեք ամիսների համար՝ աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 50 տոկոսը, բայց ամսական ոչ ավելի, քան 25 հազար դրամ։
- Աշխատանքի 4-6-րդ ամիսների համար՝ եկամտային հարկի 100 տոկոսը, բայց ամսական ոչ ավելի, քան 50 հազար դրամ։
Աջակցություն ստանալու համար գործատուն պետք է շահառուի հետ կնքի աշխատանքային պայմանագիր՝ հիմնականում մեկ դրույքով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, երբ կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատաժամանակ։ Աշխատանքային հարաբերությունները պետք է համապատասխանեն ծրագրով սահմանված պահանջներին։
Այս դեպքում միանվագ աջակցություն կստանան նաև շահառուները։
- Գործատուի հետ աշխատանքային հարաբերությունները երեք ամիս պահպանելու դեպքում՝ 100 հազար դրամ։
- Աշխատանքային հարաբերությունները 12 ամիս պահպանելու դեպքում՝ ևս 200 հազար դրամ։
Այսպիսով, ծրագրով նախատեսված առավելագույն ընդհանուր աջակցությունը մեկ շահառուի հաշվով կարող է կազմել 775 հազար դրամ:
2027 թվականին ծրագրով նախատեսվում է ապահովել 1500 շահառուի զբաղվածությունը։ Ծրագրի իրականացման համար 2027 թվականի ֆինանսավորման անհրաժեշտ գումարը կկազմի 862 միլիոն 500 հազար դրամ։
Ծրագրի շրջանակում սահմանվծ են նաև աջակցության դադարեցման և ծրագրի կասեցման դեպքերը։