civilnet.am Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 22-ին որոշեց պետական բյուջեի պահուստային ֆոնդից 148,5 մլն դրամ (ավելի քան 370,000 եվրո) հատկացնել Մատենադարանին՝ արտերկրում գտնվող երկու հայկական ձեռագիր ձեռք բերելու և Հայաստան տեղափոխելու համար։ Խոսքը 1353-ին Կիլիկիայում՝ Դրազարկում, Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուի և 1695-ին Նոր Ջուղայում Ազարիա գրիչի ընդօրինակած Ավետարանի մասին է։
Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությունը 2026-ի օգոստոսի 20-23-ը Վիեննայում հանդիպել է հավաքածուի սեփականատեր Հյուգո Վեցչերեկի հետ և բանակցել այս և ևս երեք հայկական ձեռագրերի ձեռքբերման շուրջ։
Նախնական առաջարկը կազմել է 600,000 եվրո։ Հինգ ձեռագրերը միասին ձեռք բերելու պայմանով կողմերին հաջողվել է գինը նվազեցնել մինչև 505 հազար եվրո՝ ներառյալ առքուվաճառքի հետ կապված բոլոր հարկերն ու այլ վճարները։ Վեցչերեկը նաև համաձայնել է առնվազն վեց ամսով Մատենադարանին տրամադրել առաջնահերթ գնորդի կարգավիճակ։
1353-ին Դրազարկում ընդօրինակված ժողովածուն գնահատվել է 250,000 եվրո։ Այն ներառում է ճառեր, սրբերի վարքեր և պարականոն բնագրեր։ Ձեռագրի առանձնահատկություններից է նաև կազմին ամրացված փղոսկրե հարթաքանդակը, որը դեռևս բավարար չափով ուսումնասիրված չէ։ Այն Հայաստան տեղափոխելը հնարավորություն կտա հետազոտելու հարթաքանդակի ծագումը, թվագրումն ու նշանակությունը, ինչպես նաև դրա կապը միջնադարյան ձեռագրական արվեստի հետ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ձեռագիրն ունի նաև պատառիկ պահպանակներ, որոնք պարունակում են հատվածներ Ղուկասի ավետարանից։
Երկրորդ ձեռագիրը 1695-ին Նոր Ջուղայում Ազարիա գրիչի ընդօրինակած և ծաղկած Ավետարանն է՝ գնահատված 95 հազար եվրո։ Նշվում է, թե այն աչքի է ընկնում հարուստ մանրանկարչությամբ, գունային լուծումներով և Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցին բնորոշ նուրբ գծանկարչությամբ։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ այն այդ դպրոցի լավագույն նմուշներից է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում