Հաջողվել է գտնել այն ընտրողներին, որոնց քվեն անտեսվել էր ԱԺ ընտրությունների ժամանակ․ Անկախ դիտորդ

Հաջողվել է գտնել այն ընտրողներին, որոնց քվեն անտեսվել էր ԱԺ ընտրությունների ժամանակ․ Անկախ դիտորդ

«Անկախ դիտորդ» դաշինքի ահազանգից հետո հաջողվել է գտնել այն ընտրողներին, որոնց քվեն անտեսվել էր Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Այս մասին հայտարարություն է տարածել անկախ դիտորդը։

Ավելի վաղ դաշինքը հայտարարել էր, որ փնտրում են ԱԺ ընտրությունների ժամանակ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51, Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13 և Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65 տեղամասերի ընտրողներին, որոնք գտնում են, որ իրենց տեղամասերի արդյունքների չեղարկման և վեաքրվեարկության չնշանակման հետևանքով խախտվել են իրենց ընտրական իրավունքները։

«Անկախ դիտորդ դաշինքի անդամ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը ստանձնել է այս քաղաքացիների շահերի պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Դիմումը ներկայացվել է 3 քաղաքացիների անունից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի առանցքում այն հանգամանքն է, որ նշված տեղամասերի արդյունքների չեղարկումը էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, ուստի վերաքվերակություն չնշանակելը խախտել է ընտրողների իրավունքները։

Ընտրական իրավունքը ոչ միայն ընտրությունների օրը քվերակելու հնարավորությունն է, այլ տեսնելը, թե ինչպես է այդ քվեն ազդում ընտրվող մարմնի կազմավորման վրա։

Իշխանությունների ձևավորմանը մասնակցելու իրավունքը ժողովրդավարության առանցքային արժեքներից է։ Ոչ մի քվե չպետք է անտեսվի, և յուրաքանչյուր ընտրողի ձայն պետք է պաշտպանված լինի՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արձագանքեցին մեր կոչին և պատրաստակամություն հայտնեցին պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքը։

Մեր թիմը հանրությանը կտեղեկացնի գործի ընթացքի մասին»,- նշված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն