factor.am Հինգշաբթի շուրջ 150 հազար մարդ՝ Սերբիայի ընդդիմադիր ուսանողական շարժման աջակիցներ, հանրահավաք են անցկացրել Բելգրադի կենտրոնում՝ նպատակ ունենալով կիրակի՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք վճռորոշ խորհրդարանական ընտրություններում իշխանությունից հեռացնել երկարամյա առաջնորդ Ալեքսանդր Վուչիչի կուսակցությանը, գրում է AFP-ն։
«Ուսանողական ցուցակ» շարժումը, որը միավորում է ուսանողների աջակցությամբ առաջադրված թեկնածուներին և չունի միասնական առաջնորդ, կիրակի օրվա ընտրություններում ձգտում է վերջ դնել Վուչիչի աջ պոպուլիստական «Սերբական առաջադիմական կուսակցության» (SNS) ավելի քան 14-ամյա կառավարմանը։ Սա Վուչիչի իշխանության առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերն է։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նախազգուշացրել են, որ նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է ահաբեկումներով, ձերբակալություններով, հարձակումներով, պետական ռեսուրսների չարաշահմամբ և խեղաթյուրված մեդիա միջավայրով։
Բելգրադում «Ուսանողական ցուցակ» շարժման հանրահավաքին մասնակցել է շուրջ 150 հազար մարդ։ Այս մասին X-ում հայտնել է «Հանրային հավաքների արխիվ» անկախ կազմակերպությունը, որը հետևում է հավաքների մասնակիցների թվին։
Ընտրություններն անցկացվում են ուսանողների գլխավորած՝ շուրջ երկու տարի շարունակվող բողոքի ցույցերից հետո։ Դրանք սկսվել էին 2024 թվականին, երբ Նովի Սադի նորոգված երկաթուղային կայարանում փլուզվել էր ծածկը, ինչի հետևանքով 16 մարդ էր զոհվել։
Ողբերգությունը, որի համար լայնորեն մեղադրում էին տարածված կոռուպցիան, հանգեցրել էր Սերբիայում 2000 թվականին՝ Սլոբոդան Միլոշևիչի իշխանության տապալումից ի վեր ամենախոշոր բողոքի ցույցերից մի քանիսին։ Համալսարանական ուսանողների գլխավորած հակակոռուպցիոն շարժումը սկզբում պահանջում էր ողբերգության հանգամանքների թափանցիկ քննություն, սակայն աստիճանաբար շարժումը վերածվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում