«Անկախ դիտորդ» դաշինքը անդրադարձել է Իջևանում ընդդիմադիր թեկնածուների վերաբերյալ ճնշումներին, ՔՊ-ից հերքել են

«Անկախ դիտորդ» դաշինքը անդրադարձել է Իջևանում ընդդիմադիր թեկնածուների վերաբերյալ ճնշումներին, ՔՊ-ից հերքել են

Անկախ դիտորդ դաշինքը հայտարարում է, որ երկարաժամկետ դիտարկման միջանկյալ ամփոփման Իջևան համայնքին վերաբերելի մասում դաշինքն անդրադարձել է ընդդիմադիր թեկնածուների վերաբերյալ ճնշումներին, համայնքապետարանի և համայնքապատկան կազմակերպությունների աշխատակազմերի կողմից քարոզչությանը մասնակցելուն, տպագիր քարոզչության կանոնների խախտման ահազանգերին, ինչպես նաև բնակավայրերի անուններով Facebook սոցիալական ցանցի էջերում քարոզչական բովանդակության տարածմանը։ Ավելի ուշ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից զանգահարել և հերքել են համայնքապետարանի և բնակավայրերի անունով գործող էջերի միջև կապը։

«Անկախ դիտորդ դաշինքը մասնավորապես գրել է․ «Համայնքում վարչական ռեսուրսի առերևույթ չարաշահում է նաև այն, որ քարոզչական բնույթի բովանդակություն է տեղադրվում Facebook սոցիալական ցանցում մի շարք բնակավայրերի անունով էջերում, որոնց կառավարումը իրականացվում է համայնքապետարանի աշխատակազմի կողմից»։

Հրապարակումից ժամեր անց Անկախ դիտորդի համակարգող թիմի գրասենյակ է զանգահարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու հանդիսացող Իջևանի համայնքապետարանի մամուլի պատասխանատուն, ով բանավոր հերքել է համայնքապետարանի և բնակավայրերի անունով գործող էջերի միջև կապը։

Նրա պնդմամբ համայնքապետարանը չունի տեղեկատվություն այն մասին, թե ով է վարում այդ էջերը, փորձում է դադարեցնել էջերի գործունեությունը, ինչի վերաբերյալ նաև հայտեր են ներկայացնում Facebook սոցիալական հարթակին։ Միաժամանակ հայտնել է, որ, գուցե այդ էջերը պատկանում են որոշ նախկին վարչական ղեկավարների, կամ գուցե վարվում են աշխատակազմի որոշ անդամների կողմից, ինչը պարզել չեն կարող, սակայն համայնքապետարանն ունի միայն մեկ պաշտոնական հարթակ, որի համար պատասխանատու է։

Ներկայացված փաստարկներին ի պատասխան առաջարկել ենք հանդես գալ պաշտոնական հերքմամբ՝ համայնքապետարանի կողմից կառավարվող էջում, որը պարտավորվեցինք տարածել սեփական հարթակում։ Արդյունքում հերքումը տարածվել է միայն համայնքապետարանի համապատասխան աշխատակցի անձնական էջում։

Անկախ դիտորդի դիտարկումները «սուտ» որակող աշխատակիցը, նախընտրական քարոզչության մեջ համայնքապետարանի աշխատակազմի ներգրավումը վարչական ռեսուրսի չարաշահում չհամարելով, նաև ի ցույց է դնում Ընտրական օրենսգրքով սահմանված նորմի չիմացությունը։
Խոսուն է, որ որևէ անդրադարձ չի կատարվել մրցակից թեկնածուների հանդեպ ճնշումներին և տպագիր քարոզչության տարածման կանոնների խախտմանը։

Միաժամանակ, Անկախ դիտորդը արձանագրում է, որ մասնագետի կողմից ներկայացված համայնքապետարանի հետ ասոցացվող էջերի գործունեությունը դադարեցնելուն ուղղված ջանքերը արժանահավատ է համարում։ Սեփական ուսումնասիրությամբ կարող ենք փաստել, որ միևնույն տրամաբանությամբ գործող «Իջևան համայնք» էջը նույնպես հանդիսանում է քարոզչական հարթակ և աջակցում է արդեն «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության թեկնածուին»։

Ստորև ներկայացնում ենք համայնքապետարանի աշխատակցի կողմից հրապարակված հերքման և առանձին բնակավայրերի էջերի էկրանապատկերները (տե՛ս մեկնաբանությունները)

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն