Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը | armenpress.am

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը | armenpress.am

armenpress.am Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ հոկտեմբերի 23-ին «Մերիդիան» կենտրոնում անցկացրեց «Մեկ առողջություն» մոտեցումը` էկոլոգիական փոփոխությունների դիտարկումից մինչև առողջապահական ռիսկերի կանխարգելում․ ռազմավարական և գործնական լուծումներ» խորագրով քննարկումը։

Քննարկմանը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդգծեց՝ կենսաբազմազանությունը մեր ընդհանուր իմունային համակարգն է, իսկ առողջ էկոհամակարգերը մեզ տալիս են մաքուր ջուր, անվտանգ սնունդ և կայուն կլիմա։

Նրա խոսքով՝ վարակիչ հիվանդությունների դեպքերի շուրջ կեսը պայմանավորված է հողօգտագործման և գյուղատնտեսական գործելակերպի փոփոխություններով ու բնական բնակմիջավայրեր ներխուժմամբ, ինչի հետևանքով վայրի կենդանիները, գյուղատնտեսական կենդանիներն ու մարդիկ ավելի սերտ շփման մեջ են հայտնվում։

«Ահա թե ինչու եմ ցանկանում այսօրվա քննարկումը դիտարկել COP17-ի կենտրոնական խնդրի՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի համաձայն հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման համատեքստում։ Մենք 2030 թվականին հասնելու ճանապարհի կեսին ենք։ 129 կողմի ազգային զեկույցների, 89 կողմի թարմացված ռազմավարությունների և 162 կողմի ազգային թիրախների հիման վրա կազմված գլոբալ զեկույցը հստակ ուղերձ է հաղորդում։ Ներգրավվածությունն աննախադեպ է, բայց մենք նպատակներին հասնելու ուղու վրա չենք։ Ամենամեծ բացերից մի քանիսն այն ուղղություններում են, որտեղ առաջընթացը կախված է շրջակա միջավայրի բնագավառից դուրս գտնվող ոլորտներից՝ ֆինանսներից մինչև վնասակար սուբսիդիաների բարեփոխումը։ Եվ աղտոտման կամ գյուղատնտեսության վերաբերյալ թիրախները նույնպես չեն կարող իրականացվել միայն շրջակա միջավայրի նախարարների ուժերով։ Սա է այն հարցը, որի շուրջ կողմերը բանակցում են այստեղ՝ Երևանում. ինչպե՞ս ենք շտկելու մեր ընթացքը մնացած չորս տարիների ընթացքում։ Ուղիներից մեկն անցնում է վերանայման վերաբերյալ ուղղակի որոշման միջոցով՝ ամբողջ կառավարության և ամբողջ հասարակության ներգրավմամբ մոտեցում»,-շեշտեց նախարարը։

Նրա խոսքով՝ «Մեկ առողջություն»-ը հենց այդ մոտեցումն է, որը կիրառվում է այնտեղ, որտեղ այն ամենամեծ նշանակությունն ունի մարդկանց կյանքի համար։ Մաթևոսյանը վստահեցրեց՝ Հայաստանում 2026-2030 թվականների համար նախատեսված կենսաբազմազանության նոր ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրն այդ կապը վերածում են կոնկրետ պարտավորությունների՝ Սևանա լճի ֆոսֆորային և ազոտային աղտոտման նվազեցում առնվազն 30 տոկոսով, առնվազն 10 գետի մաքրում պլաստիկից և կոշտ թափոններից, մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների արգելում և անցանկալի թունաքիմիկատների օգտագործման կարգավորում, առնվազն 150 000 հեկտար արոտավայրերի և խոտածածկ տարածքների կայուն կառավարում ու ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 20 տոկոսի պահպանություն՝ մինչև 2030 թվականը։

Համբարձում Մաթևոսյանն ընդգծեց՝ դրանցից յուրաքանչյուրը և՛ կենսաբազմազանության, և՛ առողջապահական ոլորտի միջոցառում է։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս նշեց, որ «Մեկ առողջություն» մոտեցումը, կենսաբազմազանությունն ու առողջությունը սերտորեն կապակցված են։

«Մարդու առողջությունը չի կարող տարանջատվել շրջակա միջավայրի առողջությունից։ Այս ըմբռնումն ընկած է «Մեկ առողջություն» մոտեցման հիմքում, որն ընդգծում է մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջության փոխկապակցվածությունը և կոչ է անում տարբեր ոլորտների միջև համակարգված գործողություններ իրականացնել։ Կենսաբազմազանության կորուստն ու էկոհամակարգերի դեգրադացիան զգալի վտանգներ են ստեղծում հանրային առողջության համար՝ գլխավորապես մեծացնելով զոոնոզ հիվանդությունների փոխանցման հավանականությունը։ Հաջողությամբ ձեռք բերելով և պահպանելով մալարիայից ազատ երկրի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավաստագրված կարգավիճակը՝ Հայաստանը շարունակում է հստակ գիտակցել, որ կլիմայական պայմանների և բնական կենսավայրերի փոփոխությունները կարող են սպառնալ հանրային առողջապահության ոլորտում դժվարությամբ ձեռք բերված նվաճումներին՝ նոր խոցելիություններ առաջացնելով տարափոխիչներով փոխանցվող հիվանդությունների նկատմամբ»,- ասաց նա։

Նա կարծում է՝ կենսաբազմազանությունն անգնահատելի հնարավորություններ է ընձեռում գիտական հետազոտությունների և բժշկական նորարարությունների համար՝ ներառյալ նոր դեղամիջոցների ու բուժման եղանակների հայտնաբերումը։

«Հայաստանը գիտակցում է «Մեկ առողջություն» սկզբունքներն ազգային քաղաքականություններում ներառելու և առողջապահական, շրջակա միջավայրի, բնապահպանական ու տնտեսական ոլորտների միջև համագործակցությունը խթանելու կարևորությունը։ Մենք համոզված ենք, որ քաղաքականություն մշակողների, գիտնականների և հանրային առողջության մասնագետների ավելի սերտ համագործակցությունն էական նշանակություն ունի ինստիտուցիոնալ և ազգային սահմաններից դուրս եկող բարդ մարտահրավերներին դիմակայելու համար»,-վստահեցրեց Ավանեսյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն