ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը | armenpress.am

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

«ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է կենսաբազմազանության պահպանության տնտեսական նշանակությունը՝ կարևորելով մասնավոր հատվածի ակտիվ  ներգրավվածությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացման գործում: Այս համատեքստում  ընդգծվել է կենսաբազմազանության փոխկապակցվածությունը տնտեսական դիմակայունության, պարենային համակարգերի անվտանգության և մատակարարման շղթաների հետ:

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է COP17-ի կարևոր դերը նոր գործարար կապերի հաստատման, միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման և հայկական ընկերությունների՝ միջազգային արժեքային շղթաներում ներգրավման հնարավորությունների բացահայտման գործում: Կարևորվել է օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության խորացումը կայուն գյուղատնտեսության, ռեսուրսների կառավարման և նորարարության ոլորտներում՝ Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունների և կենսաբազմազանության պահպանության նպատակների համադրմամբ։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է նաև մասնավոր հատվածի համար կանխատեսելի և բարենպաստ պայմանների ձևավորումը՝ ընդգծելով կառավարությունների և գործարար համայնքի միջև շարունակական երկխոսության անհրաժեշտությունը։ Նշվել է, որ սույն քննարկումները կարող են բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ՝ ի նպաստ կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրականացման և տնտեսական զարգացման»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն