ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին | armenpress.am

ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել, որ կողմերն ակտիվորեն զարգացնում են  գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, թվայնացման ոլորտներում կապերի խորացմամբ ու ընդլայնմամբ, ինչպես նաև ընդհանուր տնտեսական դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդմամբ։ Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է հայկական ապրանքների արտահանման խթանմանը միտված ԵՄ աջակցությունը, ինչպես նաև հայ արտադրողներին ու արտահանողներին անհրաժեշտ տեխնիկական կարողությունների զարգացման նպատակով ծրագրերի իրականացումը։

Գերտ Յան Կուպմանը նշել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը և պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին,  տնտեսական և ոլորտային համագործակցությանը, թվայնացման, էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն