fip.am Հոկտեմբերի 25-ին «Ականատես» դիտորդական առաքելությունը ահազանգել էր, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Երևան-Գորիս №607 երթուղով Գորիսի բնակիչների համար անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում։
Ահազանգի համաձայն՝ ուղևորներին նաև տրամադրվել են «Համերաշխություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի պատկերով և դաշինքի համարը պարունակող քարոզչական բուկլետներ։
«Փաստերի ստուգման հարթակը» զրուցել է հեռախոսային ձայնագրության հեղինակի հետ, ինչպես նաև ուսումնասիրել, թե որ տնտեսվարողն է իրականացնում №607 Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումները, և արդյոք այդ տնտեսվարողը կապ ունի Առուշ Առուշանյանի գլխավորած դաշինքի հետ։
№607 երթուղին և «Էլիտ Տուր Սյունիք»-ը
Ըստ մեր զրուցակցի՝ ձայնագրված և հրապարակված հեռախոսազրույցի հասցեատերը 077 99 06 69 հեռախոսահամարն է։
Բաց աղբյուրների ուսումնասիրությամբ պարզեցինք, որ նույն հեռախոսահամարը նշված է «Էլիտ Տուր Սյունիք»-ի ֆեյսբուքյան էջի կոնտակտային տվյալներում։
«Էլիտ Տուր Սյունիք»-ի էջը 2025 թվականի նոյեմբերի 10-ին տարածել է Goris Today-ի հրապարակումը, որտեղ նշվում է, որ «Գորիս-Երևան-Գորիս 607 համարի երթուղին» սկսել է աշխատել նոր գրաֆիկով։ Նույն հրապարակման ներքևում ամրագրման համար նշված են նույն երկու հեռախոսահամարները։
«Հայաստան տեղեկատու»-ում «Էլիտ Տուր Սյունիք» ուղևորափոխադրողը ներկայացված է որպես «Վարդգես Պետրոսյան» ԱՁ։
Պետական ռեգիստրի տվյալներով որպես ԱՁ գրանցված Վարդգես Վահանի Պետրոսյանի իրավաբանական հասցեն Գորիսում է՝ ՍԱԼ ՔԱՐ Փ. 3, ՇԵՆՔ 15, հասցեով։
Վարդգես Պետրոսյանն ու «Համերաշխություն» դաշինքի ցուցակը
Վարդգես Վահանի Պետրոսյանն ընդգրկված է Գորիսի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Համերաշխություն» դաշինքի նախընտրական ցուցակում՝ №37 համարով։
Այսպիսով, FIP-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ №607 Գորիս-Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներ իրականացնում է «Էլիտ Տուր Սյունիք»-ը, որը գործում է Վարդգես Պետրոսյան ԱՁ-ով։ Վարդգես Պետրոսյանը Գորիսի ավագանու ընտրություններին մասնակցում է «Համերաշխություն» դաշինքի ցուցակով՝ №37 համարով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

