armenpress.am Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) նոր ֆինանսական ցիկլի շրջանակում հայտարարված լրացուցիչ ներդրումները կազմել են 500 մլն ԱՄՆ դոլար՝ ընդհանուր ֆինանսավորումը հասցնելով 4.4 մլրդ դոլարի։ Հայաստանը ևս սկսել է հիմնադրամին ներդրում կատարելու հնարավորության շուրջ նախնական քննարկումները։ Այս մասին COP17-ի շրջանակում հայտնեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի գործադիր տնօրեն Դիեգո Մեսա Պույոն՝ նշելով, որ հիմնադրամի ֆինանսավորումն իրականացվում է քառամյա ցիկլերով, որոնց շրջանակում դոնորները միջոցներ են հատկացնում հաջորդ չորս տարիների համար։
Նրա խոսքով՝ ֆինանսավորման նոր փուլի ձևավորման գործընթացն արդեն մեկնարկել է, իսկ նախնական ներդրումների մասին հայտարարվել էր հունիսին՝ Ուզբեկստանում անցկացված Գլոբալ բնապահպանական հիմնադրամի համաժողովի ընթացքում։ Այդ ժամանակ հայտարարված ներդրումները կազմել էին 3.9 մլրդ ԱՄՆ դոլար։
«Դրանից հետո՝ մինչև այսօր, հայտարարված լրացուցիչ միջոցները կազմում են 500 մլն ԱՄՆ դոլար, ինչը ֆինանսավորման ընդհանուր ծավալը 3.9 մլրդ դոլարից հասցնում է 4.4 մլրդ դոլարի»,- նշեց Դիեգո Մեսա Պույոն։
Նրա խոսքով՝ լրացուցիչ միջոցներ են նախատեսվել նաև Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի հիմնադրամի (GBFF) համար, որը ստեղծվել է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագրերին աջակցելու նպատակով։ Հիմնադրամի համար հայտարարվել է ևս 60 մլն դոլարի ներդրում։
Դիեգո Մեսա Պույոն ընդգծեց, որ GBFF-ի համար առաջին անգամ ներդրում է կատարում Բեռլինը։ Դրան նախորդել էր Կանադայի Քվեբեկ նահանգի ներդրումը, որը հիմնադրամին աջակցած առաջին ենթազգային կառույցն էր։
«Նոր ներդրողների թվում են նաև Իսլանդիան և Մոնակոն, իսկ Քվեբեկը հայտարարել է նոր ներդրման մտադրության մասին։ Գլոբալ բնապահպանական հիմնադրամի հիմնական հավատարմագրային հիմնադրամի համար Իսպանիան հայտարարել է 50 մլն եվրոյի ներդրման մասին։ Ուզբեկստանն էլ առաջին անգամ ներդրում է կատարում հիմնադրամում՝ շուրջ 4.6 մլն դոլարի չափով։
Մեծ Բրիտանիան վերահաստատել է իր ֆինանսական աջակցությունը՝ նախատեսելով լրացուցիչ 330 մլն ֆունտ ստեռլինգ, որը համարժեք է շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի։ Այդ գումարը հունիսին հայտարարված նախնական ներդրումների մեջ ներառված չէր։ Այս բոլոր ներդրումների հանրագումարը կազմում է այսօր հայտարարված լրացուցիչ 500 մլն դոլարը»,- նշեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի գործադիր տնօրենը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում