Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մեխանիզմները կխստացվեն․ ԱԺ-ում քննարկվում է նախագծերի փաթեթը

Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մեխանիզմները կխստացվեն․ ԱԺ-ում քննարկվում է նախագծերի փաթեթը

ՀՀ ազգային ժողովի հերթական նիստում այսօր քննարկվում է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը վերաբերող օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է խստացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մեխանիզմները։

Նախագծերի փաթեթը ԱԺ-ում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

Նա ընդգծեց, որ նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը և ապահովել դեպքերի առավել զոհակենտրոն քննությունը։

Ապա պատգամավորը անդրադարձավ փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններին։

Փաթեթով առաջարկվում է՝

  • Վերացնել նախազգուշացումը՝ որպես պաշտպանության միջոցի տեսակ, քանի որ այն չի ապահովում բռնության ենթարկված անձանց արդյունավետ պաշտպանությունը։
  • Բռնություն գործադրած անձի համար պարտադիր դարձնել վերականգնողական ծրագրեր անցնելը ոչ միայն դատարանի կողմից պաշտպանական որոշում կայացնելու, այլև ոստիկանի կողմից անհետաձգելի միջամտության որոշում ընդունելու դեպքում։
  • Ֆիզիկական բռնության սահմանման մեջ ներառել նաև օժանդակ միջոցներից կամ հարմարանքներից անձին զրկելու դեպքերը։
  • Անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու հնարավորություն նախատեսել նաև այն դեպքերում, երբ անձի նկատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ բռնություն է կիրառվել։
  • Հստակեցնել, որ անհետաձգելի միջամտության որոշման բացակայությունը կամ դրա ուժի մեջ չմտնելը չի բացառում պաշտպանական որոշում ստանալու համար դիմելու հնարավորությունը։
  • Սահմանել, որ ահազանգի հիման վրա իր լիազորություններն իրականացնելիս ոստիկանության ծառայողը պարտավոր է օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում առաջարկվում է ընտանեկան և կենցաղային հարաբերություններում կատարվող՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների համար նախատեսել առանձին գլուխներ՝ սահմանելով ներկայիս կարգավորումների համեմատ ավելի խիստ պատիժներ։

Առաջարկվում է նաև ընդլայնել ընտանիքի անդամի կողմից ֆիզիկական և հոգեկան ներգործության հանցակազմերը, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում բացառել գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը։

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվում է սահմանել, որ ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներ պարունակող հանցագործությունների դեպքում քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով՝ անկախ տուժողի նախաձեռնությունից։

Որպես հատուկ պաշտպանության միջոց՝ նախատեսվում է նաև էլեկտրոնային հսկողության միջոցներով ապահովել պաշտպանվող անձին մոտենալու կամ նրա հետ շփվելու սահմանափակումների պահպանումը։

Բացի այդ՝ առաջարկվում է սահմանել, որ ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներ պարունակող հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մեղադրյալի նկատմամբ տնային կալանք չի կարող կիրառվել, եթե մեղադրյալն ու տուժողը համատեղ են բնակվում, և վարույթի ընթացքում նրանցից որևէ մեկի համար այլ վայրում մշտական բնակություն ապահովել հնարավոր չէ։

Փաթեթով նախատեսվում է նաև տուժողի կրկնակի հարցաքննությունները սահմանափակելու մեխանիզմ։ Մասնավորապես՝ ընտանեկան և կենցաղային բռնության հատկանիշներ պարունակող հանցագործությունների վերաբերյալ վարույթներով տուժողը, որպես կանոն, հարցաքննվելու է մեկ անգամ և կարող է հրաժարվել լրացուցիչ հարցաքննությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պարզաբանել առաջին հարցաքննությունից հետո վարույթն իրականացնող մարմնին հայտնի դարձած հանգամանքները։

Բաթոյանը հավելեց, որ փաթեթով առաջարկվում են նաև մի շարք խմբագրական բնույթի փոփոխություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն