ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա Ղահրամանյան

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա Ղահրամանյան

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուբեն Ռուբինյանը։ Նա խրախուսեց Տարոն Չախոյանի սադրիչ գործողությունները՝ որևէ կերպ չմիջամտելով ստեղծված իրավիճակին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը:

«Եթե այդ պահին ամբիոնի մոտ որևէ ընդդիմադիր պատգամավոր խոսեր այնպես, ինչպես խոսում էր Տարոն Չախոյանը, Ռուբեն Ռուբինյանը անվտանգության աշխատակիցներին կհրավիրեր։ Բայց նա լուռ նստած հետևում էր և վայելում Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցողը։

Այս ամենի պատասխանատուն Ռուբեն Ռուբինյանն է, որը, մեր գնահատմամբ, միտումնավոր թույլ տվեց, որ իրավիճակը հասներ այս կետին։ Մենք չենք բացառում, որ սա նախապես ծրագրված գործողություն էր, որը հաջորդեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին, երբ բացահայտվեց Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության սնանկությունը»,- ասաց նա:

Ղահրամանյանի խոսքով՝ Կառավարության ներկայացուցիչները որևէ հստակ պատասխան չունեին TRIPP-ի վերաբերյալ մեր հարցերին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ինքնիշխան տարածքի որ հատվածներով է անցնելու ճանապարհը:

«Դուք նկատեցիք, որ ամբողջ կառավարությունը փորձում էր գտնել այդ հարցի պատասխանը, օգնել միմյանց, բայց այդպես էլ չէր ստացվում։ Կրկնում եմ՝ իր ձախողումները քողարկելու և հանրային օրակարգը շեղելու նպատակով, մեր համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի հրահանգով այսօր տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Ուզում եմ շեշտել, որ նա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ինքնիշխան տարածքում ճանապարհ է տրամադրել Ադրբեջանին՝ առանց խաղաղության համաձայնագիր ստորագրելու, այսինքն՝ առանց որևէ երաշխիք ունենալու»,- ասաց նա:

Ըստ Ղահրամանյանի՝ երբ այս ամենը բարձրաձայնում էին խորհրդարանում, և իշխանությունը չուներ որևէ հոդաբաշխ պատասխան, հավանաբար որոշեցին սադրել իրավիճակը, լարել մթնոլորտը և շեղել հանրության ուշադրությունը. «Եվ ահա, մեր գնահատմամբ, հրահանգավորված կերպով տեղի ունեցավ այս ամենը»:

Պատգամավորը պատմեց, որ առավոտից խորհրդարանի նիստերի դահլիճում լարված մթնոլորտ էր զգացվում. «Տարոն Չախոյանը միտումնավոր ամբիոնից ստեղծեց այնպիսի իրավիճակ, որը կարող էր դահլիճից արձագանքներ և ռեպլիկներ առաջացնել։ Իսկ Ռուբեն Ռուբինյանը, կրկնում եմ, պատշաճ չկատարեց նիստը վարողի իր պարտականությունները և ժամանակին չհրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որոնք պետք է ամբիոնից հեռացնեին Տարոն Չախոյանին»:

Ղահրամանյանը ընդգծեց, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում են Ռուբեն Ռուբինյանը և ՔՊ խմբակցությունը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Տարոն Չախոյանի ելույթից հետո ՔՊ և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև քաշքշուկն ավարտվել է ծեծկռտուքով։ Չախոյանն անդրադարձել էր կոռուպցիային և քաղաքական գործիչների ընտանիքի անդամներին թիրախավորելու թեմային։

Իրավիճակը լարվեց, երբ Չախոյանը հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանի որդին խոսել է նոր նախարարություն բացելու մասին, որը, ըստ վերջինիս, «պետք է բավարարեր բոլոր կանանց կարիքները»: Տարածված կադրերում երևում է, թե ինչպես են պատգամավորները միմյանց հարվածում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն