ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Դեղերի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին՝ այն համարելով անհետաձգելի և սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացնելու որոշում ընդունելով։
Փաթեթի նպատակն է հստակեցնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, կատարելագործել ապահովագրավճարների հաշվարկման և վճարման մեխանիզմները, կարգավորել դեղերի գների վերանայման ընթացակարգերը և ապահովել համակարգի առավել արդյունավետ գործունեությունը։
Հիմնական փոփոխությունները
Մասնավորապես, առաջարկվում է՝
- Հստակեցնել ապահովագրության շահառուների շրջանակը և նրանց կարգավիճակը, ինչպես նաև ապահովագրված անձանց իրավունքներին, պարտականություններին և համակարգում ընդգրկվելու պայմաններին վերաբերող կարգավորումները։
- Կատարելագործել ապահովագրական հատուցումների մեխանիզմները՝ հստակեցնելով բժշկական օգնության և սպասարկման ծախսերի հատուցման շրջանակները, համավճարների առավելագույն չափերի սահմանման կարգը և հատուցումը նվազեցնելու կամ մերժելու հիմքերը։
- Կարգավորել ապահովագրավճարների վճարման պարտավորությունները՝ հստակեցնելով դրանց առաջացման և դադարման պայմանները, ինչպես նաև չվճարված պարտավորությունների գանձման ընթացակարգերը։
- Նախատեսել պարտավորեցման վարույթ և բողոքարկման մեխանիզմներ։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը կկարողանա համապատասխան վարույթ նախաձեռնել ապահովագրավճարի չկատարված պարտավորությունների դեպքում, ընդունել պարտավորեցնող որոշում, իսկ այդ որոշումները հնարավոր կլինի բողոքարկել։
- Հստակեցնել անձնական տվյալների մշակման և գաղտնի տեղեկությունների շրջանառության կարգավորումները՝ սահմանելով դրանց իրավական հիմքերն ու նպատակները։
- Կարգավորել առանձին խմբերի ապահովագրության առանձնահատկությունները, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց, դատապարտյալների և հատուկ օրենքներով կամ միջազգային պայմանագրերով կարգավորվող դեպքերի մասով։
- Դյուրացնել դեղերի գների վերանայումը՝ վերացնելով օրացուցային տարվա ընթացքում դեղի հենակետային գնի, հատուցման գնի և հատուցման առավելագույն չափի վերանայման սահմանափակումը։ Սա հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում վերանայել և նվազեցնել հատուցման գները կամ դրանց առավելագույն չափերը։
Փաթեթով նախատեսվում է նաև հստակեցնել առողջության համընդհանուր ապահովագրության և բժշկական օգնության ու սպասարկման նվազագույն ծավալի, ինչպես նաև լրացուցիչ ծառայությունների փոխհարաբերությունները։ Առաջարկվում է կարգավորել նաև ապահովագրված անձանց շահերի իրացման համար անհրաժեշտ լրացուցիչ գործիքները, այդ թվում՝ օրենքով նախատեսված դեպքերում լիազորված անձի միջոցով դեղեր ստանալու հնարավորությունը։
Նախագծով հստակեցվում են 2027 թվականից ապահովագրության համակարգում բնակչության նոր խմբերի ներգրավմանն առնչվող անցումային դրույթները, այդ թվում՝ որոշ վարձու աշխատողների ապահովագրավճարների սուբսիդավորման և վճարման կարգավորումները։
Հիմնավորման համաձայն՝ 2027 թվականի բյուջեով առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարների սուբսիդավորման համար նախատեսված է շուրջ 194,6 մլրդ դրամ։ Պետական բյուջեի միջոցներով սուբսիդավորվող շահառուների խմբերում ներառված են օրենքով սահմանված համապատասխան կատեգորիաների անձինք, ինչպես նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող վարձու աշխատողները։
Ըստ հիմնավորման՝ պետական բյուջեի հաշվին ապահովագրավճարների սուբսիդավորման ծրագրում ընդգրկված շահառուների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 1,36 միլիոն մարդ։