Բուժման նպատակով Գազայից Հայաստան տեղափոխված 3 երեխայից երկուսն արդեն դուրսգրման փուլում է | hetq.am

Բուժման նպատակով Գազայից Հայաստան տեղափոխված 3 երեխայից երկուսն արդեն դուրսգրման փուլում է | hetq.am

hetq.am Գազայի հատվածում պատերազմից տուժած ու առողջական լուրջ խնդիրներ ունեցող 3 երեխա՝ 3 ուղեկցողի հետ, սեպտեմբերի 30-ից արդեն Հայաստանում են։ «Հետք»-ի հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հումանիտար այս նախաձեռնության շրջանակում տեղափոխված առաջին բուժառուներն արդեն վիրահատվել են և ստացել անհրաժեշտ բուժումը:

Տեղափոխումն իրականացվել է Առողջապահության, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունների  և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ, երկարատև աշխատանքի արդյունքում։

Գազայում տուժած երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու մասին առաջին անգամ հայտարարվել էր 2026 թվականի հունվարի 29-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման ժամանակ։ Ավելի ուշ՝ ապրիլին, Առողջապահության նախարարությունն ԱՀԿ-ից ստացել է 40 երեխայի և նրանց ուղեկցողների բժշկական փաստաթղթերը՝ առողջական վիճակը գնահատելու և Հայաստանում նրանց բուժելու հնարավորությունները որոշելու համար։

Բուժառուներն ուղղորդվել են «Արաբկիր» և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոններ։

«Արաբկիր» ԲԿ-ում բուժում ստացող երեխան 2014 և 2015 թվականներին ենթարկվել է լյարդի և երիկամի փոխպատվաստման։ Նրա մոտ ախտորոշվել են առաջնային հիպերօքսալուրիա (խմբ․ նյութափոխանակային հազվադեպ հիվանդություն, որը վնասում է երիկամներն ու այլ օրգանները), երիկամների քրոնիկական հիվանդություն, լյարդային անբավարարություն, ինչպես նաև երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն (խմբ․ լսողական նյարդի վնասման հետևանքով առաջացած ծանրալսություն)։ Բացի այդ, առկա է եղել ձախակողմյան սուր պերֆորատիվ միջին օտիտ (խմբ․ միջին ականջի սուր բորբոքում՝ թմբկաթաղանթի պատռվածքով) և ձախ ծնկան ենթամաշկային ցելյուլիտ (խմբ․ մաշկի ու ենթամաշկային հյուսվածքների բակտերիալ բորբոքում)։ Համապատասխան հետազոտություններից ու բուժումից հետո բուժառուի վիճակը գնահատվում է կայուն, փոխպատվաստված երիկամի և լյարդի ֆունկցիաները՝ բավարար: Նա այժմ գտնվում է դուրսգրման փուլում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն