Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է Ազգային ժողովում իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»։
«Բարձաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` պատգամավորների կողմից բռնության ցանկացած դրսևորում նպաստում է հասարակությունում բռնությունը որպես տարաձայնությունների լուծման միջոց ընկալելու և այն արդարացնելու մոտեցումների տարածմանը։
Հանրային խոսքում և վարքագծում բռնության բացառումը պետական իշխանության ներկայացուցիչների պատասխանատվությունն է։
Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է բացառել ոչ միայն բռնություն ենթադրող վարքագիծն, այլ նաև բռնությունն արդարացնող ցանկացած խոսք:
Միջադեպը պետք է օրենքով սահմանված կարգով դառնա պատշաճ քննության առարկա:
Նման միջադեպերն էլ ավելի են խորացնում բռնությունն արդարացնող այն մոտեցումները, որոնց անընդունելիությանն այսօր Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել էր ընտանեկան բռնության կանխարգելման թեմայով հրապարակային քննարկումների առնչությամբ տարածած հայտարարությունում»,- ասված է հայտարարության մեջ։