«Խելացի» անասնաշենքերի ծրագիրը ձախողած շահառուներից բռնագանձում են փոխհատուցման գումարն ու հաշվեգրված տոկոսները | hetq.am

«Խելացի» անասնաշենքերի ծրագիրը ձախողած շահառուներից բռնագանձում են փոխհատուցման գումարն ու հաշվեգրված տոկոսները | hetq.am

hetq.am Էկոնոմիկայի նախարարությունը 2022թ․-ից սկսել է հայցադիմումներ ներկայացնել «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ու դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրով փոխհատուցում ստացած քաղաքացիների դեմ՝ գումարները հետ գանձելու պահանջով։ Կառավարությունը ծրագիրն ընդունեց 2019թ․ ապրիլին՝ նպատակ ունենալով կենդանիների պահման պայմանները բարելավելու միջոցով բարձրացնել կենդանիների կաթնատվության և մթերատվության ցուցանիշները։

Ծրագրի տևողության՝ 2019–21թթ․-ի ընթացքում նախատեսվում էր կառուցել կամ վերակառուցել 230 անասնաշենք։ Ընդ որում, 30-ը պետք է կառուցվեր 2019թ․-ին, 100–ական անասնաշենք՝ 2020 և 2021 թվականներին։ Էկոնոմիկայի նախարարությունը փոխհատուցում տրամադրելու պայմանագրեր է կնքել 103 քաղաքացու հետ։ Նախարարության տվյալներով՝ «խելացի» անասնաշենքեր ծրագրի շրջանակում պետության աջակցությամբ մինչև 2025թ․-ը կառուցվել է ընդամենը 58 անասնաշենք:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգում հասանելի են նախարարության ներկայացրած տասը հայցը, որոնցով շահառուներից պահանջում է պետբյուջե վերադարձնել տրամադրված գումարները՝ 11,5 մլն-ից մինչև 17,5 մլն դրամ։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները բավարարել են հայցերից 7-ը, հաստատել են կողմերի միջև կնքված մեկ հաշտության համաձայնություն, մերժվել է երկու հայցադիմում։

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Տաթև համայնքի Շինուհայր գյուղի բնակիչ Արարատ Գալստյանից 11 մլն 500 հազար դրամ բռնագանձելու պահանջը։ «Խելացի» անասնաշենքեր ծրագրի շահառու Ա․ Գալստյանը էկոնոմիկայի նախարարության հետ պայմանագիրը կնքել է 2020թ․-ի սեպտեմբերի 2-ին: Նախարարությունը նրան փոխհատուցում է տրամադրել անասնաշենք կառուցելու համար, որտեղ պարտավորվում էր պահել 20-25 գլուխ խոշոր եղեջերավոր կենդանի։ Կենդանիները պետք է ձեռք բերեր իր միջոցներով, և անասնաշենքն առնվազն հինգ տարի օգտագործեր նպատակային։

Նախարարության մոնիթորինգի արդյունքում կազմվել է արձանագրություն, որի համաձայն՝ անասնաշենքը չի շահագործվում։ Շենքի տեխնոլոգիական  ապահովվածության կարգավիճակի գնահատման համաձայն՝ մի շարք պահանջներ չեն համապատասխանում սահմանվածին։ Նախարարությունը 2023թ․ հունիսի 1-ի գրությամբ Ա․ Գալստյանին առաջարկել է երկամսյա ժամկետում շտկել արձանագրված անհամապատասխանությունները և ապահովել 20-25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու (ԽԵԿ) առկայությունը։ Մոտ երեք ամիս հետո նախարարությունն իրականացրել է երկրորդ մոնիթորինգը և արձանագրել, որ պատասխանողը միջոցներ չի ձեռնարկել անասնաշենքն օգտագործելու համար։

Արարատ Գալստյանը դատարանին հայտնել է, որ 2022թ. մարտի 1-ին էկոնոմիկայի նախարարության աշխատակցի էլեկտրոնային հասցեին տարեկան հաշվետվություն է ուղարկել, որով հայտնել է, որ ներկա պահին ունեն ընդհանուր 16 գլուխ ԽԵԿ (5 հատ կով, 2 երինջ, 4 մոզի, 3 հորթ, 2 ցուլ): Ունեն 3 ծնած կով, որից օրական 10-13 լիտր կաթ են ստանում և իրենք են մշակում: Ներկայումս արոտավայրի և անասնակերի հետ կապված խնդիրներ կան: Եթե կարողանա մատչելի գնով անասնակերի հարց լուծել, այլ ոչ թե մեկ հակ խոտը 2000 դրամով գնել, գլխաքանակը կավելացնի:

Մեկ տարի հետո՝ 2023թ. մարտին, նախարարության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկված տարեկան հաշվետվությունով հայտնել է, որ ունեցել են ընդհանուր 19 ԽԵԿ (7 գլուխ կով, 4 մոզի, 6 հորթ և 2 ցուլ): Կովերից 1 գլխի հաշվով ստացել են մոտավորապես 1700 լիտր կաթ, որից իրենք պանիր են  արտադրել:

Հաշվետվության համաձայն` 44-օրյա պատերազմից հետո համայնքն արոտավայրի խնդիր ունի: 2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի՝ Սյունիքի վրա հարձակվելու հետևանքով պատասխանողը անասուններն արոտավայր տանելու հնարավորություն չի ունեցել, որի մասին գրավոր տեղեկացրել էր նախարարությանը, և այն մնացել էր անպատասխան:

Տեղեկացրել է նաև, որ արոտավայր չլինելու պատճառով տեղական անասուններ այլևս չեն պահելու: Ցանկանում են ֆերման համալրել տոհմային անասուններով և զբաղվել տոհմային անասնապահությամբ: Դիմել են և՛ Կառավարությանը, և՛ էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի օգնեն տոհմային անասուններ ձեռք բերելու հարցում։ Ֆերման համալրելուց հետո կաթի մշակման արտադրամաս կհիմնեն, որն էլ 3-4 մարդու համար հիմնական աշխատատեղ կարող է դառնալ:

Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը 2023թ. հունիսի 1-ի գրությամբ Ա․ Գալստյանին հայտնել է, որ նախարարությունը 2023թ. մարտի 13-ին իրականացրել է տարեկան ընթացիկ մոնիթորինգ և անասնաշենքում 2 գլուխ ԽԵԿ է արձանագրել։ Նաև՝ առկա են անասնաշենքի տեխնոլոգիական ապահովվածության անհամապատասխանություններ: Առաջարկել է շտկել դրանք և ապահովել 20-25 գլուխ ԽԵԿ-եր, այլապես տրամադրված 11.5 մլն դրամ գումարը ենթակա կլինի վերադարձման։

Պայմանագրի համաձայն՝ Արարատ Գալստյանը անասունների գլխաքանակն իր միջոցներով պետք է ապահովեր։ Վերջինս նախարարությանը տեղեկացրել է, որ ֆինանսական կառույցները Շինուհայր գյուղում անշարժ գույք (բնակարան, անասնաշենք) չեն գրավադրում և վարկ չեն տրամադրում: Շահառուն առանց վարկային միջոցներ ներգրավելու հնարավորություն չունի ձեռք բերելու տոհմային ԽԵԿ-եր:

Դատարանին հայտնել է նաև, որ շինարարությունն ավարտելուց հետո ֆերման սկսել են շահագործել: 2022թ. մայիսից մինչև սեպտեմբեր անասունները պահել են Սիսիան համայնքի Նորավան գյուղի սարերում: Սակայն, թշնամու սեպտեմբերյան հարձակումից հետո անասունները մի կերպ հանել են այդ տարածքից։ Որոշ ժամանակ հետո վաճառել են՝ հաշվի առնելով մի շարք խնդիրներ` երկրի պատերազմական վիճակը, ֆինանսական կորուստ ունենալու վախը, արոտավայրերի պակասը, անասնակերի թանկ լինելը և այլն: Մարտ ամսին ունեցած 2 կովն էլ մայիսին են վաճառել:

Դատարանին հայտնել է նաև, որ պայմանագիրը կնքելուց 25 օր հետո՝ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին, սկսվել է պատերազմը։ Հայտարարված զորահավաքի շրջանակներում նոյեմբերի 1-ից մինչև 2020թ․ դեկտեմբերի 17-ը զորակոչվել է զինվորական ծառայության, հետևաբար չէր կարող զբաղվել ֆերմայով:

2023թ․-ին, պատերազմից հետո կրկին բիզնեսը զարգացնելու միջոցներ է ձեռնարկել։ Մասնավորապես, արոտավայրեր է ձեռք բերել և ձմեռային պաշարներ, նաև՝ անասունների գլխաքանակն է ավելացրել: «2024թ. հունվարի 27-ից ֆերման կրկին շահագործվում է: Ներկա պահին ունեն 12 գլուխ անասուն, որից 10-ը հղի կովեր են, երկուսը` մոզի ու դեռ քանակն ավելանալու է: 2024թ. ապրիլի 1-ի դրությամբ իմացել է, որ իր դեմ հայց է ներկայացվել և իր բանկային հաշիվների ու գույքի վրա արգելանք է դրված:

Դատարանը մերժել է Էկոնոմիկայի նախարարության հայցը՝ բռնագանձել պետական բյուջեից տրված 11․5 մլն դրամը։ Նախարարության վերաքննիչ բողոքը նույնպես մերժվել է, այժմ՝ վճռաբեկ բողոք է ներկայացվել, որով դեռևս որոշում չի կայացվել։

Էկոնոմիկայի նախարարությունը դատարանում պարտվել է ևս մեկ գործով․ 2025թ․ փետրվարին հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Արմեն Գասպարյանին տրամադրված 17 մլն 500 հազար դրամ փոխհատուցումը պետական բյուջե հետգանձելու պահանջով։

Կողմերի միջև, գումար տրամադրելու պայմանագիրը կնքվել է 2020թ.–ի սեպտեմբերի 8–ին։ Նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի և տեղազննության իրականացման բաժինը Արմեն Գասպարյանի Կոտայքի մարզի Արգել բնակավայրում գտնվող տնտեսությունում տեղազննություն է իրականացրել։ Կազմել է արձանագրություն, ըստ որի՝ ծրագրի պահանջներին համապատասխանող անասնաշենքում առկա են բոլոր սարքավորումները: Շահառուն ունեցել է 41 գլուխ շվից ցեղատեսակի կովեր, սակայն 2 ամիս առաջ ամբողջը վաճառել է:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն