ՀՌՀ-ն հրապարակել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը

ՀՌՀ-ն հրապարակել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին գումարել է հերթական նիստը։ Այս մասին հայտնում են հանձնաժողովից։

Հանձնաժողովը որոշեց հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2026թ․ հոկտեմբերի 25-ին կայացած Արտաշատ, Արմավիր, Գավառ, Հրազդան, Եղեգնաձոր և Իջևան համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը և իրականացված մշտադիտարկման արդյունքները։

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների միջև եթերաժամը բաշխվել է անհամաչափ։

Ըստ հանձնաժողովի՝ այդ իրավիճակը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ հանգամանքներով, այդ թվում՝ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից իրենց նախընտրական քարոզչության այս ժամանակահատվածում իրականացված միջոցառումների քանակական բաշխման տարբերություններով, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից անվճար և վճարովի եթերաժամի օգտագործման, տեսալսողական ծրագրերում հրավիրվելու պատրաստակամությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հանձնաժողովը գտնում է, որ եթերաժամի անհամաչափ բաշխումն ինքնին չի կարող դիտարկվել նախընտրական քարոզչության ընթացքում քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովման սկզբունքի խախտում։

«Սույն որոշումը ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն