factor.am Երևանում անցկացված COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում, իսկ համաժողովի արդյունքները գերազանցել են նախնական սպասելիքները։ Այս մասին հայտարարել է COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ամփոփելով համաժողովի աշխատանքները։
Երևանում անցկացված ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում, իսկ ձեռք բերված արդյունքները գերազանցել են նախնական սպասելիքները՝ ինչպես օրակարգային հարցերի բազմազանության, այնպես էլ բազմաթիվ երկրների համար դրանց կարևորության տեսանկյունից։
Երևանում COP17-ի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանն՝ ընդգծելով, որ երկար տարիներ քննարկված և զգալի ռեսուրսներ պահանջած մի շարք հարցերի շուրջ հնարավոր է եղել հասնել համաձայնության։
«Ինչպես արդեն նշեցի լիագումար նիստի ընթացքում, կարծում եմ, որ մենք թե՛ օրակարգային հարցերի բազմազանության, թե՛ բազմաթիվ երկրների և Կոնվենցիայի կողմերի համար դրանց կարևորության տեսանկյունից հասել ենք շատ ավելի մեծ արդյունքների, քան կարող էինք ակնկալել։ Խոսքը նաև այն հարցերի մասին է, որոնց հաստատմանն ու ընդունմանը երկար ժամանակ սպասում էին, որոնց ուղղությամբ բազմաթիվ փորձեր էին արվել, և որոնց վրա հսկայական ռեսուրսներ էին ծախսվել։ Պատկերացրեք՝ լիովին հնարավոր էր, որ այդ հարցերն այդպես էլ չհաստատվեին։ Դա միանգամայն հավանական էր»,- նշեց նա։
Համաժողովի նախագահի խոսքով՝ հետադարձ հայացք նետելով տեղի ունեցածին՝ դժվար է հստակ պատասխանել, թե ինչպես և ինչու հնարավոր դարձավ նման արդյունքի հասնելը։ Այդուհանդերձ, ցուցաբերած ճկունության և իրավիճակի հրատապությունը գիտակցելու համար նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Կոնվենցիայի կողմերին։
«Կարծում եմ՝ նրանք գիտակցեցին իրավիճակի հրատապությունը։ Եվ դա պայմանավորված չէր պարզապես հոգնածությամբ, թեև, իհարկե, բոլորը չափազանց հոգնած էին։ Մասնակիցները երկու շաբաթ գրեթե չէին քնել: Հատկապես վերջին մի քանի օրերին պատվիրակությունների անդամների մեծ մասն ընդհանրապես չէր քնել։ Սակայն նրանք գիտակցեցին մեկ այլ հրատապություն. եթե այս հարցերը չհաստատվեին հիմա՝ COP17-ի ընթացքում, ապա ստիպված կլինեին սպասել։ Ուստի ես իսկապես շնորհակալ եմ նրանց ցուցաբերած ճկունության, իրավիճակի հրատապությունը գիտակցելու և այս ամենը հանուն բոլորիս ու բնության անելու համար»,- ասաց համաժողովի նախագահը։
Նա շնորհակալություն հայտնեց նաև Կոնվենցիայի գործադիր քարտուղարին՝ բազմաթիվ հարցերում ցուցաբերած ուղղորդման և հատկապես ընթացակարգերի պահպանման հարցում ունեցած կարևոր դերակատարության համար։«Ընթացակարգային հարցերը չափազանց զգայուն են։ Ամեն ինչ ամրագրված է փաստաթղթերում։ Կարծում եմ՝ գործադիր քարտուղարը շատ հաստատակամ էր ընթացակարգերի պահպանման հարցում։ Մենք հետևեցինք այդ ընթացակարգերին, և ամեն ինչ պատշաճ կերպով կազմակերպվեց ու ընթացավ»,- ընդգծեց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում